Առաջ տանելով համաշխարհային գործողությունն՝ ի նպաստ կլիմայի
Փարիզի համաձայնագրով աշխարհը վճռեց պատասխանատվություն ստանձնել ի՛ր իսկ ներկայի և ապագայի համար, հանձն առնելով պահպանել կյանքի հիմնական աղբյուրը՝ մեր մոլորակը և շրջակա միջավայրը: Կլիմայի փոփոխության շուրջ համաձայնությունը հանդիսանում է բազմակողմանի՝ շուրջ 200 երկրների միջև գործընկերության աննախադեպ օրինակ, որին աջակցում են ընկերություններ և համայնքներ աշխարհի տարբեր անկյուններից՝ մեզ բոլորիս առնչվող մի խնդրի լուծման նպատակով: Այս մարտահրավերը կարող է հաղթահարվել միայն միասնաբար, մինչդեռ ի սկզբանե՝ Եվրոպան դարձել է այս հավաքական գործողության առաջնագիծը:
Աճում է ճանաչումն առ այն, որ չկա այլ ուղի, քան գործել միասին: Այսօր, էլ ավելի քան երբևէ, Եվրոպան՝ այս բեկումնային համաձայնագրին հավատարիմ, առաջնորդում է Համաձայնագրի կյանքի կոչմանը միտված ջանքերը՝ արդյունավետ կլիմայական քաղաքականություններ մշակելու միջոցով, ինչպես նաև ամրապնդելով համագործակցությունը՝ միտված հզոր գործընկրերությունների զարգացմանը:
Միաժամանակ շարունակելով աջակցել ամենաաղքատ և խոցելի շերտերին՝ տեսնում ենք, որ ավելի մեծացել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտների կամ ջրհեղեղների հետևանքով տեղահանված կամ ծայրահեղ աղքատության ենթարկված անձանց քանակը: Կլիմայի փոփոխությամբ զբաղվելը Եվրոպայի համար քաղաքական պատասխանատվության և բազմակողմ ներգրավվածության հարց է. այն նաև կարևոր հարց է անվտանգության, հնարավոր հակամարտությունների և արմատականացման կանխարգելման առումով: Ուստի, Փարիզի համաձայնագիրը ենթակա չէ վերանայման Եվրոպական միության կողմից: Բանակցային գործընթացը տևել է 20 տարի: Հիմա ժամանակն է գործել. Փարիզի համաձայնագիրը կյանքի կոչելն այլևս համաշխարհային առաջնահերթություն է:
Մինչ մենք արձագանքում ենք կլիմայի փոփոխությանը որպես ապագայի նպատակ՝ բազում հնարավորություններ են ստեղծվում նաև ներկայում. մշակվում են արտադրության և սպառման, ներդրումների և առևտրի իրականացման, ինչպես նաև կյանքը, ակտիվները և կենսապահովման հնարավորությունները պաշտպանելու նոր և ավելի լավ եղանակներ՝ ի նպաստ մարդկության և մեր մոլորակի:
Համաշխարհային անցումը դեպի ցածր արտանետումներով, կլիմայի առումով տոկուն ապագան արագացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք հզորացնել առկա գործընկերային կապերը, ինչպես նաև՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մինչև առավել խոցելի կղզի պետություններ փնտրել և կառուցել նոր դաշինքներ: Որովհետև կլիմայի փոփոխությունը ոչ թե ապագայի հեռահար տեսլական է, այլ ներկայի իրականություն՝ Արկտիկայից մինչեւ Սահել:
Ակնկալում ենք, որ բոլոր մասնակից երկրները՝ Փարիզի համաձայնագրի դրույթներին հավատարմություն ցուցաբերելով խոսքից կանցնեն գործի և կյանքի կկոչեն կլիմայի ազգային ծրագրերը՝ ժամանակի ընթացքում կրկնապատկելով իրենց ջանքերը: Ժամանակն է, որ ազգային ծրագրերը վերածվեն կոնկրետ, կիրառելի քաղաքականության և միջոցառումների:
Եվրոպական միությունն արդեն աշխատում է Փարիզի հավակնոտ նպատակի՝ մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատությամբ նվազագույնը 40 տոկոսով ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման գործընթացն ավարտելու ուղղությամբ: Մեր օրենսդրական գործողություններն ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները. Առաջնահերթություն է տրվում էներգաարդյունավետությանը՝ խթանելով վերականգնվող էներգիայի կիրառումը բլոկի մի կողմից մյուսը:
Կլիմայի փոփոխության գործողությունը փոխկապակցված է տնտեսական աճի հետ: Վերցնենք ԵՄ օրինակը. մեր արտանետումների ծավալները 1990-ից ի վեր նվազել են 22 տոկոսով, իսկ ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 50 տոկոսով: Այդ ժամանակահատվածում մենք ձեռնամուխ ենք եղել նոր աշխատատեղերի, բիզնեսների եւ տեխնոլոգիաների ստեղծմանը: Մեր տնտեսությունները նախապատրաստում ենք ապագային, միևնույն ժամանակ ներդրումներ անում՝ մեր հասարակությունները կլիմայի փոփոխությանը ավելի դիմակայուն դարձնելու, ինչպես նաև ընթացիկ եւ ապագա ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:
Մենք պատրաստ ենք փոխանցել կլիմայի վերաբերյալ հավակնոտ քաղաքականություն մշակելու և իրականացնելու ավելի քան երկու տասնամյակի փորձն ու քաղված դասերը: Պատահական չէ, որ արդեն ստեղծել ենք կլիմայական քաղաքականության շուրջ լայն համագործակցություն աշխարհի բոլոր կարևոր գործընկերների հետ: Մենք նաև կշարունակենք զգալի ֆինանսավորում տրամադրել գործընկեր երկրների կլիմայի գործողությունների ուղղությամբ: Միայն 2015 թ.-ին ԵՄ աջակցությունը կազմել է 17.6 մլրդ եվրո:
Ընդամենը մի քանի ամիս անց, 2017 թվականի նոյեմբերին՝ մասնակից երկրները կհավաքվեն Բոննում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 23-րդ համաժողովին՝ շարունակելու լրամշակել Փարիզի քաղաքական համաձայնագրի իրականացման աշխատանքային պլանը:
Հաջորդ տարի, ՄԱԿ-ի կլիմայի գործընթացի շրջանակներում անցկացվող դյուրացման երկխոսությունը կլինի, Փարիզից հետո, առաջին հնարավորությունը՝ քննարկելու մեր կոլեկտիվ ջանքերը գլոբալ տաքացման նվազեցման ուղղությամբ և գնահատելու այն ամենն ինչ արվել է` ի կատարումն ստանձնած պարտավորությունների: Դրանք հանդիսանում են Փարիզում ձեռք բերված քաղաքական համաձայնության կյանքի կոչմանն ուղղված առանցքային քայլերը:
Այդուհանդերձ այս մարտահրավերը կարող է հաղթահարվել միայն քաղհասարակության, բիզնեսի, տեղական համայնքների, քաղաքների և տարածաշրջանների զուգահեռ և առավելագույն ներգրավման պայմաններում: Վերոնշյալ բոլոր դերակատարների կողմից իրականացվող գործողություննեն աչքի են ընկնում աննախադեպ ընդգրկունությամբ ու ծավալով: Որպես կառույց, մենք կարող ենք մշակել միջավայրի փրկությանը միտված անհրաժեշտ ռազմավարություններ և տրամադրել աջակցություն, բայց քաղաքականությունները տեղերում գործողության վերածելու կարևորագույն դերը պատկանում է նրանց: Դրա ակտիվ խթանն է մեր նոր «Զարգացման շուրջ ԵՄ համաձայնությունը»: Ընդլայնված համագործակցությունն ու շահագրգիռ բոլոր կողմերի միջև համակարգման ապահովումը առանցքային են, մենք կասեինք՝ հենց դա է լուծման բանալին:
Միայն համատեղ ջանքերով կարելի է հասնել կեսակերպի այն հավակնոտ մակարդակին, որը սահմանել ենք և քաղել համատեղ գործողությունների պտուղները, այն է՝ ցածր արտանետումներ, ավելի մեծ էներգետիկ անվտանգություն և էներգաարդյունավետություն, նորարարության վրա հիմնված աճ, աշխատատեղերի ստեղծում, ավելի կենսունակ հասարակություններ և ավելի լավ միջավայր: Փարիզը բեկումնային էր մեր մոլորակը ներկա և գալիք սերունդների համար պաշտպանելու գլոբալ մարտահրավերի ենթատեքստում:
ԵՄ-ն հաստատապես որոշել է ոչ միայն կյանքի կոչել Փարիզի համաձայնագիրը, այլև կառուցել համաշխարհային հզոր գործընկերություններ, որպեսզի դիվանագիտության և բազմակողմանի մոտեցման միջոցով տրվեն մարդկության համար իրական և շոշափելի արդյունքներ: Աշխարհը և մոլորակը կարող են վստահաբար հավատալ Եվրոպական միությանը:
Ֆեդերիկա ՄոգերինիԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
Միգել Արիաս ԿանյետեԿլիմայի գործողությունների և էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար