European Union External Action

Կայացել է ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական շնորհանդեսը

Հայաստան, Շիրակի մարզ, 06/11/2019 - 13:57, UNIQUE ID: 191106_9
Press releases

Կայացել է ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական շնորհանդեսը

Նոյեմբերի 6-ին կայացել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական արարողությունն ու շնորհանդեսը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Սիրիական Ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական Միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի` «ՄԱԴԱԴ» ֆոնդի  կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից։ ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

 

Միջոցառումը համախմբել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆինանսավորող և հիմնադիր կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին, միջազգային կառույցներին, փորձագետներին և մեդիա ներկայացուցիչներին՝ նշելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնումը:

 

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շնորհանդեսին բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, Ավստրիական Կարմիր խաչի գործառնությունների և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վոլտեր Հայեկը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը ներկայացրել է ինկուբատորի առաքելությունը, նպատակներն ու  գործառույթները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջույնի իր խոսքում նշել է. «Ուրախ եմ  ներկա գտնվել ԻՐԻՍ ծրագրի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական բացմանն ու շնորհանդեսին։ Վստահ եմ, որ սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդից (՛ՄԱԴԱԴ՛ ֆոնդ) տրամադրված այս աջակցությունը և հիմնադիր կառույցների ջանքերը մեծապես կնպաստեն սիրիահայերի, միգրանտների, հայրենադարձների ու տեղացի ձեռներեցների տնտեսական ինտեգրմանը և Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում մեծ ազդեցություն կունենան: Հավատում եմ  նաև, որ այն դրական փոփոխություններ կբերի Հայաստանի գործարար միջավայրում և ձեռնարկատիրական նոր մտածելակերպ ձևավորելու խթան կհանդիսանա: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տարբեր ոլորտների նոր ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նպատակ ունենալով նպաստել ներառական միջավայրի ստեղծմանը, որտեղ կարող է ծաղկել ձեռնարկատիրական ոգին»:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով Հայաստանում խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը, ինչպես նաև նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը:

Հիշեցնենք, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, ուղղորդում (քոուչինգ), մենթորինգ ու ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով, ինչպես նաև համաշխատանքային տարածք (co-working) Երևանի կենտրոնում: ԵՄ ԻՐԻՍ ծրագրի ընթացքում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում 300-ից ավելի մասնակից դասընթացներին ընդգրկվելու, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենա, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և co-working տարածքի հասանելիություն:  

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ավելի վաղ հայտարարել էր ինկուբացիայի երեք՝ Spark, Build, Start, ծրագրերի մեկնարկի մասին:  Հայտադիմումների լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Մանրամասների համար զանգահարել 011-474724 կամ հետևել հղմանը:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝

Շուշանիկ Ներսեսյան

ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր

Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու

Հեռ. +374 91 506 884, էլ հասցե: shushanik.nersesyan@irisbi.am

 

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:

Languages:
Խմբագրական բաժիններ: