European Union External Action

Աղբից՝ սալիկ ի նպաստ քաղաքների մաքուր ապագայի

18/01/2019 - 11:49
Environment and Climate Action

<p>Պլաստիկ աղբի վերամշակում Հայաստանի մեծ մասում ըստ էության գոյություն չունի։ Եվրոպական միության ֆինանսավորմամաբ «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող «Բնապահպանական մարտահրավերները` հնարավորություն։ Պլաստիկ շշերից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանի հարավում ընտրված 10 քաղաքներում պլաստիկ աղբը հավաքվի և վերածվի ավազապոլիմերային հումքից շինարարական սալիկների։</p>

Պլաստիկ աղբի վերամշակում Հայաստանի մեծ մասում ըստ էության գոյություն չունի։ Եվրոպական միության ֆինանսավորմամաբ «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող «Բնապահպանական մարտահրավերները` հնարավորություն։ Պլաստիկ շշերից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանի հարավում ընտրված 10 քաղաքներում պլաստիկ աղբը հավաքվի և վերածվի ավազապոլիմերային հումքից շինարարական սալիկների։

Փաստեր և թվեր  

Հայաստանում ծրագիրն իրականացնող կազմակերպություն՝ «Ուրբան» հիմնադրամ

CRIS համարը՝ 381812

Տևողություն՝ 2.5 տարի | դեկտեմբեր 2016 –  հունիս 2018

Վայր՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր | Հայաստանի Հանրապետություն

Նպատակներ

  • Մաքրել Սյունիքի և Վայոց ձորի քաղաքները պլաստիկ աղբից
  • Բարձրացնել տեղական համայնքների էկո-գիտակցությունը  
  • Օգնել տեղական համայնքներին գտնելու պլաստիկ աղբի վերամշակման արդյունավետ լուծումներ  
  • Նպաստել, որպեսզի տեղական համայնքներում արտադրվեն մատչելի գնով ամուր շինանյութեր վերամշակված պլաստիկից          

Ակնկալվող արդյունքներ

  • Տեղադրել պլաստիկի համար նախատեսված աղբամաններ Սյունիքի և Վայոց ձորի 10 քաղաքներում
  • Ընտրված քաղաքներում պլաստիկի մամլիչների տեղադրում, ինչը կօգնի, որպեզի հավաքված պլաստիկը ավելի հարմար լինի տեղափոխել 
  • Հիմնել պլաստիկի վերամշակման արտադրամաս Կապան քաղաքում, որը կարտադրի ավազապոլիմերային հումքից շինարարական սալիկներ
  • Ուսուցանել և տեղեկացնել բնակչությանը աղբի տեսակավորման և պլաստիկե աղբի հավաքման անհրաժեշտության մասին

Կարծիքներ

«Ըստ տեխնոլոգիայի, ավազը խառնվում է պլաստիկին, ընդ որում պլաստիկը, մի քանի անգամ թեթև լինելով, իբրև կապակցող նյութ հաջողությամբ փոխարինում է ցեմենտին։ Այն նաև շատ ավելի ամուր է և դիմացկուն եղանակային պայմաններին, քան բետոնային ավանդական տարբերակը։

«Ծրագրի շրջանակներում մեր իրականացրած շուկայի հետազոտությունը ցույց տվեց, որ ավազապլաստիկե սալաքարերը ավելի էժան են, քան բետոնայինները։ Մեր արտադրանքը բաղկացած է 75 տոկոս ավազից 24 տոկոս պլաստիկից և մեկ տոկոս գունանյութից, որ տալիս ենք արտադրանքին գունավորում հաղորդելու համար։ Ստացված հումքը տաք վիճակում լցվում է հատուկ կաղապարների մեջ, որտեղ սառչելով, նյութը ընդունում է համապատասխան ձևը»,- մանրամասնում է «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը։

Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 քաղաքներում` Սիսիան, Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, ընդ որում հիմնադրամը Կապանի հետ համագործակցության վաղեմի փորձ ունի։

Ներկայումս ծրագիրն իրականացման փուլում է, իսկ Կապանում հիմնվելիք արտադրամասը սկսելու է աշխատել 2019-ի գարնանը։

Բոլոր 9 համայքներում տեղադրվելիք աղբամանները պատվիրված են, դրանց մի մասն արդեն տեղադրված է։ Այդ քաղաքներում գործող կոմունալ ծառայություն մատուցող ընկերություններից յուրաքանչյուրն ունի մեկական հատուկ մամլիչ, որը սեղմ և կոմպակտ է դարձնում պլաստիկ տարաները՝ մոտ 10 անգամ կրճատելով դրանց ծավալը։

Մամլիչները սպասարկելու գործի համար լրացուցիչ 9 աշխատատեղ է ստեղծվել՝ ըստ ծրագրի պահանջի։ Եթե այս թվին գումարենք արտադրամասի մոտ քսան աշխատատեղերը, կարող ենք խոսել համայքների վրա որոշակի սոցիալական ազդեցություն մասին։

Գորիսում գործող «Միրհավ» հյուրանոցի սեփականատերը, ով քաղաքի աղտոտումը պլաստիկով աղետ է համարում, փոխանցում է իր նախորդ փորձերի ու ձախողումների պատմությունը։

«Տարիներ առաջ ես ուզում էի զբաղվել պլաստիկ թափոնների վերամշակմամբ, բայց չհաջողեցի։ Երևանում գործող վերամշակման արտադրամասերի փորձում էի համոզել՝ այստեղ տեղադրել աղբամաններ և հավաքել պլաստիկը, բայց ասացին՝ քանակը քիչ է, տնտեսապես շահավետ չի լինի։ Հետո ինքս փորձեցի սեփական նախաձեռնությամբ մի բան անել, բայց հասկացա, որ կազմակերպչական մեծ խնդիրներ կան լուծելու, որ ի վիճակի չեմ»,- ասում է Շահենը:

Ապա նրա դեմքը ոգևորություն է արտահայտում, երբ խոսում է ԵՄ ֆինանսավորմամբ «Ուրբան» հիմնադրամի իրականացվող ծրագրի մասին։

«Ես օրինակ ունեմ մի քանի տարի առաջ առած, բայց հիմա ջարդված պլաստիկե նստարաններ, որ չեմ ուզում գցել։ Փառք Աստծո Սամվելն եկավ, ասեց՝ իրենք կվերցնեն դա, կվերամշակեն։ Նաև մի խորդանոց ունեմ, ուր երկար ժամանակվանցի հավաքել եմ պլաստիկ շշեր, դրանք էլ իհարկե կտամ»,- ասում է Շահենը:

Շշերը և պլաստիկե այլ աղբ վերամշակելը կարևոր է, սակայն աղբի տեսակավորման հարցում ծրագրի հաջողության կարևորագույն գրավականը տեղական բնակչության հետ համագործակցությունն է։

«Եթե համայնքի բնակիչները այդ հարցում չհամագործակցեն և չսովորեն աղբը տեսակավորել, ապա մեր աշխատանքը կձախողվի»,- ասում է Սամվելը և ներկայացնում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Ծրագրով պատրաստվել են կրթական նյութեր, դպրոցներում անցկացվել են բնապահպանական դասընթացներ, շեշտը դնելով պլաստիկի տարանջատման վրա, ներկայացվել է աշխարհի առաջավոր փորձը, պատրաստվել է սոցիալական գովազդի պաստառներ, որոնք կոչ են անում տեսակավորել աղբը։

«Գործի հաջողության տեսանելի ցուցիչ են պլաստիկի համար նախատեսված աղբամանները։ Եթե սկզբում մենք այդ աղբամաններում տեսնում էինք ամենատարբեր տեսակի աղբ, ապա հիմա դրանք համարյա բացառապես պլաստիկ աղբ են պարունակում և գնալով ավելի արագ են լցվում»։

Հայաստանի հեռավոր այս երկու մարզերի քաղաքներում իրականավող ծրագրերը ամենայն հավանականությամբ կունենան շարունակություն: Հուսով ենք՝ հեռու չէ այն օրը, երբ զբոսանքի դուրս գալուց ոչ թե աղբի կհանդիպենք, այլ կվայելենք մաքուր միջավայր ու մեր աչքը կշոյի փողոցների մաքուր ու դիմացկուն գույնզգույն սալարկն ու տների կտուրների կղմինդրը՝ պատրաստված պլաստիկե թափոններից:

Languages:
Խմբագրական բաժիններ: