New Caledonia

Համատեղ հայտարարություն 2017թ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Բրյուսել, 08/03/2017 - 15:08, UNIQUE ID: 170307_11
Joint Statements

Եվրոպական Միությունը այսօր նույնպես շարունակում է կանգնած մնալ Եվրոպայի և ամբողջ աշխարհի կանանց կողքին, ինչպես և իր հիմնադրման օրը:

Վաթսուն տարի առաջ կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն ամրագրվեց Հռոմի պայմանագրով որպես Եվրոպական Միության հիմնարար արժեքներից մեկը: Այդ ժամանակ հավասար աշխատանքի դիմաց հավասար վճարման սկզբունքի եվրոպական հանձնառությունը եզակի էր աշխարհում: Այդ ժամանակից ի վեր, ԵՄ-ն պահպանել է առաջատարի դերը և բոլոր ուղղություններով տեսանելի առաջընթաց է արձանագրել: Մենք անխոնջ կերպով աշխատում ենք՝ պաշտպանելու կանանց իրավունքները և իրավազորելու նրանց խտրականության և գենդերային բռնության դեմ պայքարում։  

2017թ․-ին, քան երբևէ անցյալում ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, ովքեր ունեն աշխատանք,  բարձրագույն կրթություն, ակտիվ են քաղաքականության մեջ կամ զբաղեցնում են բարձր պաշտոններ եվրոպական ընկերություններում։ Հանձնաժողովում կանայք կազմում են ընդհանուր աշխատուժի 55%-ը։ Եվ այնուամենայնիվ, չափից մեծ թիվ են կազմում այն կանայք, հատկապես միայնակ մայրեր, որոնք Եվրոպական Միությունում դեռ պայքարում են՝ հասնելու տնտեսական անկախության։ Կանանց զբաղվածության ցուցանիշները Եվրոպական Միությունում 2016թ․-ին հասել էին աննախադեպ 65.5%-ի, և նույնիսկ այս պարագայում տղամարդկանց 77% ցուցանիշի համեմատությամբ տարբերությունը դեռ մեծ է։

Հարկ է շատ ավելին անել Եվրոպայից ներս և դուրս։ Հաճախ կանայք ամենախոցելիների շարքում են՝ լինելով հակամարտության գոտիներում, տեղահանումների և միգրացիոն իրավիճակներում, ինչպես նաև այն վայրերում, որոնք ենթարկվում են աղքատության և կլիմայական փոփոխությունների ամենամեծ ազդեցությանը։ Բացի այդ, ներկայիս միգրացիոն համատեքստում ԵՄ ժամանող կանանց շարքում թրաֆիքինգի զոհերի թվի էքսպոնենցիալ աճ է նկատվում։

Կանանց դեմ անհանդուրժողականությունը և կնատյացությունն ի հայտ են գալիս հանրային ոլորտում, ինչպես նաև քողարկված են՝ համացանցի ընձեռած վախկոտ անանունության հետևում։ Կանանց իրավունքների դեմ հարձակումները վերելք են ապրում։ Չափից շատ եվրոպացիներ դեռ կարծում են, որ առանց երկկողմ համաձայնության սեռական հարաբերությունը կարելի է արդարացնել։ Կանայք նաև խտրականության և բռնության առաջնագծում են, հատկապես՝ ամբողջ աշխարհի հակամարտությունների գոտիներում։

Այնուամենայնիվ, կանայք հաճախ նաև առաջիններն են, ովքեր որոնում են լուծումներ, մարտահրավերների ժամանակ ձգտում են դիմակայության, և կանայք են, որ ունեն իրենց երկրների ապագայի տեսլականը։ Այս իսկ պատճառով էլ ԵՄ-ն շարունակում է ներգրավել կանանց խմբերին ամբողջ աշխարհում, ներառյալ այն կանանց, որոնք ամենադժվար իրավիճակներում են, օրինակ՝ Աֆղանստանում կամ Սիրիայում։

Մենք կշարունակենք համապատասխան գործողություններ իրականացնել ԵՄ տարածքում և դրանից դուրս։ Մասնավորապես․

  • 2016-2019թթ․ Գենդերային հավասարության ռազմավարական ներգրավման միջոցով Եվրահանձնաժողովը հասցեագրում է անհավասարությունները հիմնական ոլորտներում, ինչպիսիք են զբղվածությունը, աշխատանքի դիմաց վճարումը, որոշումների կայացումը և բռնությունը։
  • Եվրահանձնաժողովը 2017թ․ նվիրել է կանանց և աղջիկների դեմ բռնության բոլոր ձևերի վերացման գործողություններին։
  • Հանձնաժողովը այս տարի կներկայացնի աշխատանք–կյանք հավասարակշռության նոր նախաձեռնությունը ծնողների և խնամակալների համար։
  • Ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգի՝ մեր կողմից առաջարկվող բարեփոխման միջոցով Եվրոպա եկող, տուժած և պաշտպանություն որոնող կանանց կտրամադրվի բուժօգնություն, իրավական աջակցություն, հետտրավմատիկ խորհրդատվություն և հոգեբանական-սոցիալական աջակցություն։
  • Հանձնաժողովը կշարունակի իր հակաթրաֆիքինգային քաղաքականության և օրենսդրության իրականացման շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի գենդերային հայեցակերպի մշտադիտարկումը։
  • Արտաքին հարաբերությունների ուղղությամբ ԵՄ Գենդերային գործողությունների 2016-2020թթ․ ծրագրում Հանձնաժողովը մասնավորապես կկենտրոնանա ամբողջ աշխարհում այն կանանց և աղջիկներին տրամադրվող աջակցության վրա, ում հասանելի չեն եղել կրթությունը, առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների հավասար հնարավորությունները, աշխատաշուկան, ինչպես նաև քաղաքական կյանքը, այնինչ նրանք բախվել են խտրականության հանգեցնող կանոնների և օրենքների ժառանգության, քաղաքացիության կամ հողի սեփականության ստացման գործընթացներում։  
  •  Ամբողջ աշխարհում ապրող ամենախոցելի անձանց համար այդ աջակցության հասանելիությունը ապահովելու նպատակով Հանձնաժողովը կշարունակի մարդասիրական օգնության նկատմամբ համակարգված կերպով կիրառել գենդերային կենտրոնացմամբ մոտեցումը։
  • Հանձնաժողովը կշարունակի հանդես գալ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, այդ թվում նաև Գենդերային հավասարության իրականացման առաջատար։

Մենք չպետք է և չենք դադարի պայքարել հանուն գենդերային հավասարության՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և իրավազորելու նրանց լիարժեք կերպով իրացնել իրենց ներուժը։ Եվրամիությունը հանձնառություն ունի, ինչպես 60 տարի առաջ, ապահովել կանանց հավասարությունն ամբողջ աշխարհում։

 

 

Ներքոստորագրյալներ՝

Առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմմերմանս

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ/ Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի 

Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով հանձնակատար Գյունթեր Օթթինգեր

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան

Միջազգային համագործակցության և զարգացման հարցերով հանձնակատար Նեվեն Միմիցա

Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոս

Զբաղվածության, սոցիալական հարցերի, հմտությունների և աշխատանքային շարժունության հարցերով հանձնակատար Մարիաննա Թիսսեն

Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդես

Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովա 

Խմբագրական բաժիններ: