Bonaire and the EU

Նոյեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

Բրյուսել, 12/11/2020 - 20:51, UNIQUE ID: 201112_20
Press releases

Նոյեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Բորելը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա ջանքեր գործադրել հակամարտության տևական լուծման ուղղությամբ և կկանխի մարդկային հետագա տառապանքները: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն հատկացրել է շուրջ 1 մլն եվրոյի շտապ օգնություն:

Բարձր ներկայացուցիչը երկու արտգործնախարարների հետ քննարկել է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նոյեմբերի 9-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Ժոզեպ Բորելը շեշտել է, որ նախևառաջ հրադադարը պետք է ամբողջությամբ հարգվի և իրականացվի երկու կողմերի կողմից: Այս հիմքի վրա այն կարող է առաջին քայլը հանդիսանալ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ճանապարհին: Բարձր ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցում շեշտել է խաղաղության հաստատման և հաշտեցման կարևորությունը, այս առումով`միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների, մշակութային ժառանգության և դրա արժեքի ու նշանակության պահպանումը՝ տեղական համայնքների պաշտպանության համար:

Բորելը շեշտել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել հաստատված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարած ձևաչափին: Նա վերահաստատել է, որ Եվրոպական միությունը, այդ թվում` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և ԵՄ պատվիրակությունների միջոցով, և ինքն անձամբ, պատրաստ են նպաստել այդ ջանքերին և Հարավային Կովկասի տարածաշրջանը կայուն խաղաղությանն ու բարգավաճ զարգացմանը տանող համաձայնագրերի իրագործմանը:

Բարձր ներկայացուցիչն ակնկալում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի երկու նախարարների հետ՝ ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի առաջիկա նիստի և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստին ընդառաջ:

Հեղինակ