Delegation of the European Union to the Republic of Moldova

ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա կապակցությամբ

Բրյուսել, 09/12/2019 - 08:01, UNIQUE ID: 191209_2
Statements by the HR/VP

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցեր բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 9-ին Եվրոպական միությունը ոգեկոչում է պատմության ողջ ընթացքում և ամբողջ աշխարհում կատարված ցեղասպանությունների  զոհերի հիշատակը:

Անցյալի դաժանությունները պետք չէ մոռանալ:  Մենք ունենք պարտավորություն մարդկության դեմ կատարված նման հանցագործությունների զոհերի հիշատակի առջև: Պարտավորություն ունենք ինքներս մեր նկատմամբ, ավելի լավ ապագա կերտել կարող ենք եթե գիտակցենք անցյալի մութ օրերը: Մենք բարոյական պարտավորություն ունենք մարդկության հանդեպ:

Ցեղասպանությունը տեղի չի ունենում մեկ օրում.այն գործընթաց է: Միշտ կան նախազգուշացնող նշաններ: Մենք պետք է անմիջապես արձագանքենք այդ նշանները նկատելիս: Անհրաժեշտ է ամենայն վճռականությամբ պայքարել ահագնացող ազգայնականության, օտարատյացության, մարդկանց ռասսայական և էթնիկ տարանջատման դեմ:

Արդյունավետ իրավական մեխանիզմների և քաղաքականությունների մշակումը բոլոր մակարդակներում, ինչպես նաև՝ նախնական նախազգուշացնող նշանների հայտնաբերման և դրանց վերացման համար պատասխանատու կառույցների ստեղծումը՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ առաջին քայլերն են։

«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, որը նշվում է ամեն տարի։

Կոնվենցիան պետությունների կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրավական հիմքն է: Այժմ այն ​​ունի 152 մասնակից-անդամ, ներառյալ ԵՄ անդամ բոլոր երկրները: Այն համընդհանուր հասանելիություն ունի։  Միայն վերջին տասներկու ամիսների ընթացքում Կոնվենցիային միացել են 3 երկիր՝ Դոմինիկան, Մավրիկիոսի Հանրապետությունը և Թուրքմենստանը:

Կոնվենցիայի վավերացմամբ պետությունները ստանձնում  են պատասխանատվություն իրենց ժողովուրդների նկատմամբ և արտահայտում իրենց հարգանքն այդ սարսափելի հանցագործության զոհերի նկատմամբ:

Պաշտպանելու պատասխանատվությունը, ինչպես նաև ցեղասպանության և դաժան հանցագործությունների կանխարգելումը Եվրոպական  միության արտաքին և անվտանգության հարցերով քաղաքականության բաղկացուցիչ մասն է: ԵՄ-ն կշարունակի աշխատել ազգային և միջազգային գործընկերների, ներառյալ քաղհասարակության հետ՝ կանխելու ցեղասպանությունները և պայքարելու անպատժելիության դեմ որտեղ էլ այն տեղի ունենա:

Languages:
Խմբագրական բաժիններ: