Delegation of the European Union to the Republic of Moldova

ԵՄ-ի Համաժողովն ուղղված է ամրապնդելու կիբերանվտանգությունն ու էլեկտրոնային անվտանգությունը Արևելյան գործընկերության երկրներում

Bruxelles, 04/10/2017 - 09:10, UNIQUE ID: 171004_2
Press releases

Այսօր Եվրոպական միության Խորհրդի Էստոնիայի նախագահությունը կհյուրընկալի համաժողով՝ ուղղված Եվրոպական միության Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կառավարման զարգացմանն ու կիբերանվտանգության բարձրացմանը: 2017թ. հոկտեմբերի 5-ին այսօրվա համաժողովին կհաջորդի թվային տնտեսության վերաբերյալ Արևելյան գործընկերության երկրորդ խորհրդակցությունը, իսկ մեկ օր հետո՝ ԵՄ-ի Էլեկտրոնային կառավարման նախարարական համաժողովը:

«Էլեկտրոնային գործընկերություն» համաժողովը կկայանա Տալլինում՝ մեկտեղելով ավելի քան 150 փորձագետների ու քաղաքականություն մշակողների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրներից: Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կիրառվում Արևելյան գործընկերության երկրների կողմից՝ պետական կառավարման գործընթացում թափանցիկության բարձրացման նպատակով: Համաժողովը հնարավորություն կընձեռի գնահատել տարածաշրջանը ներառող կիբերտարածության ապահովության և անվտանգության մակարդակը, ինչպես նաև կիսվել իրավիճակի բարելավմանն ուղղված գաղափարներով:

Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի կազմակերպած միջոցառման ընթացքում ծրագրվում է գործարկել բոլոր վեց գործընկեր երկրներում դաշտային հետազոտությունների վրա հիմնված էլեկտրոնային ժողովրդավարության նոր ուսումնասիրությունը: Միջոցառման ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի այստեղ:

Թվային միասնական շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը, ով Տալլինում ներկայացնելու է Եվրոպական հանձնաժողովը, միջոցառմանն ընդառաջ իր խոսքում ասել է. «Եվրամիությունը շարունակում է թվային ոլորտում սերտորեն համագործակցել իր արևելյան գործընկերների հետ՝ կենտրոնանալով բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի տարածման վրա` տնտեսության խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, թվային ոլորտում ավելի շատ աշխատատեղերի ստեղծման և Արևելյան գործընկեր երկրների շրջանում ռոումինգի սակագների նվազեցման համար: Թվային լուծումների օգտագործումը հանգեցնում է կառավարման արդյունավետության և թափանցիկության, ու այդպիսով օգուտ է բերում քաղաքացիներին»:

Հաջորդ օրը՝ 2017թ. հոկտեմբերի 5-ին, Տալլինում կանցկացվի թվային տնտեսության վերաբերյալ Արևելյան գործընկերության երկրորդ նախարարական հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախարարները կստորագրեն թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիր Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Ակնկալվում է, որ Հռչակագրում կներառվի բոլոր կողմերի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը վեց առաջնահերթ ուղղություններում` էլեկտրոնային հաղորդակցություն և ենթակառուցվածքներ, վստահություն և անվտանգություն, էլեկտրոնային առևտուր, թվային հմտություններ, նորարարություններ ՏՀՏ ոլորտում ու սկսնակ էկոհամակարգեր և էլեկտրոնային առողջապահություն:

Ի վերջո, 2017թ. հոկտեմբերի 6-ին Տալլինում կկայանա ԵՄ-ի Էլեկտրոնային կառավարման նախարարական համաժողովը: Եվրամիության և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) նախարարները կքննարկեն կառավարման հաջող թվային փոխակերպման հետագա միջոցները և կքննարկեն Եվրոպական հանրային կառավարման արդիականացման առաջընթացը՝ հանուն դինամիկ և արդյունավետ եվրոպական հասարակության ու թվային միասնական շուկայի բոլոր մակարդակներում ծառայողական ուղղվածություն ունեցող, հուսալի և նորարար կառավարում իրականացնելու նպատակով:

 

Նախադրյալները՝

«Էլեկտրոնային գործընկերություն» համաժողովը կազմակերպվում է Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի և Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ:

Հոկտեմբերի 4-ի և 5-ի միջոցառումները մասն են հանդիսանում նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին նախապատրաստվելու նպատակով կազմակերպված միջոցառումների շարքի: ԵՄ-ն 13 միլիոն եվրո է ներդրել EaP Connect ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի բարելավել վեց գործընկեր երկրների միջև գերարագ թվային կապը: Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և կշարունակվի մինչև 2020 թվականը: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է այստեղ: