Delegation of the European Union to the Republic of Moldova

Դիմագրավելով ԶԼՄ-ների անկախությանը սպառնացող մարտահրավերներին Արևելյան գործընկերության երկրներում

Bruxelles, 12/09/2017 - 12:09, UNIQUE ID: 170912_12
Press releases

2017թ. սեպտեմբերի 13-ին Կիևում կայանալիք Արևելյան գործընկերության 2-րդ Մեդիա համաժողովը նպատակ ունի լույս սփռել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում լրագրողների առջև վեր հառնող մարտահրավերների վրա:

Համախմբելով 350 մեդիա մասնագետների և դոնորների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ պետություններից և ուրիշ երկրներից՝ այն առաջարկում է յուրահատուկ մի հարթակ՝ բացահայտելու առողջ մեդիամիջավայրի խոչընդոտները, քննարկելու դրանց լուծման ուղիները և ուսումնասիրել, թե ինպես կարող են Եվրոպական միությունը և այլ դոնորները այս երկրներում առավելագույնս աջակցել անկախ լրագրությանը:

Մասնակիցներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել է. «Խոսքի ազատությունն այն հիմքերից մեկն է, որի վրա կառուցված է մեր Միությունը: Մենք հավատում ենք, որ ուժեղ և անկախ մամուլը հիմնարար նշանակություն ունի յուրաքանչյուր հաջողված հասարակության համար: Այսօրվա խորհրդաժողովը հստակ ցույց է տալիս ԶԼՄ-ների բազմակարծության և անկախության հարցերում գործընկեր երկրների հետ ԵՄ-ի հարաբերություններն առավել սերտացնելու կարևորությունը»:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից՝  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ համատեղ և Ուկրաինայի կառավարության աջակցությամբ:

Վերջին տասնամյակում Եվրամիությունը ծախսել և հատկացրել է շուրջ 30 միլիոն եվրո՝ Արևելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ներին ու մեդիա նախաձեռնություններին աջակցելու նպատակով: Անկախ լրագրությունը կարևոր պայման է ժողովրդավարական հասարակության զարգացման համար, և Եվրամիությունը շարունակում է խորապես հավատարիմ մնալ իր հարևանությամբ ազատ, անկախ և բազմակարծիք լրատվական միջավայր ունենալու հանձնառությանը:

Համաժողովը կանդրադառնա Արևելյան հարևանության լրատվական աշխատողներին հանդիպած ճնշամիջոցների տարբեր դրսևորումներին: Մասնակիցները կքննարկեն լուծման մեխանիզմներ՝ նորություններ և պատմություններ ստեղծելիս տնտեսական կայունության հասնելու համար, ինչպես նաև կանդրադառնան այն դժվարություններին, որոնք վերաբերում են հանրային հեռարձակման ոլորտների բարեփոխումներին:

Մասնավորապես, համաժողովը կքննարկեն լրատվամիջոցներն ավելի կայուն դարձնելու և լրագրողների մասնագիտական աճի շարունակականությունն ապահովելու մեթոդներն ու մեխանիզմները: Կքննարկվեն նաև ապատեղեկատվական արշավներին և սոցիալական մեդիաներում կողմնակալ կամ ապակողմնորոշող տեղեկատվության տարածման ջանքերին վերաբերող մարտահրավերները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն հանգամանքին,  թե լրատվամիջոցները ինչպես կարող են նպաստել հասարակությունում քննադատական մտածողության զարգացմանը:

ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED) կանցկացնի նախնական միջոցառում` կիսվելու Արևելյան գործընկեր երկրներում անկախ լրատվամիջոցներին աջակցելու իր փորձով: Այն իր ուշադրությունը կկենտրոնացնի անկախ լրատվամիջոցների դերի վրա՝ արագ փոփոխվող քաղաքական միջավայրերի և փոխակերպվող հասարակությունների համատեքստում:

ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED) դրամաշնորհատու կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է առանձին ԵՄ անդամ պետությունների և եվրոպական հաստատությունների կողմից:

Արևելյան գործընկերության 2-րդ Մեդիա համաժողովն անցկացվում է ի նախապատրաստումն 2017թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին: Համաժողովի քննարկումներն ու գործնական արդյունքները համապատասխան հիմք կապահովեն գագաթաժողովի ընթացքում սպասվող եզրահանգումների համար:

ԲԱՑ ՄԵԴԻԱ ՀԱՆԳՈՒՅՑ (OPEN MEDIA HUB)

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ՝ ուղղված ԶԼՄ-ների աջակցմանը

  1. Բովանդակության ստեղծման հմտությունների զարգացման դասընթաց և աջակցություն ԶԼՄ-ների ղեկավարներին ու լրագրողներին.
  2. Գործնական համայնք.
  3. Տեղավորում ԵՄ-ի երկրներում, ներքին կառավարմանն ուղղված մենթորություն.
  4. Մենթորային աջակցմամբ բովանդակության ստեղծում և տարածում.
  5. Բովանդակության համատեղ օգտագործման բազմալեզու հարթակ: Այս պահի դրությամբ՝ 99 հեռարձակում և 83 տպագիր կամ առցանց պատմություն, որոնք տարածվել կամ արտատպվել են շուրջ 1850 անգամ.
  6. Ֆինանսական և տեխնիկական աջակցություն. նոր հայտարարված՝ «Լինելով 20 տարեկան» (Being20) մրցույթ՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի երիտասարդների համար.
  7. Մասնագիտական ցանցային առցանց օգտահաշիվներ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով և ավելի քան 10.000 անդամներով

Լրացուցիչ տեղեկատվություն՝  http://openmediahub.com/ru/

Առցանց դասընթացներ՝ http://openmediahub.com/e-learning   

Նոր մրցութային հայտարարություններ՝ http://openmediahub.com/ru/open-calls/

Անվճար բովանդակություն՝ http://openmediahub.com/ru/access-stories/

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (EED)

Ֆինանսավորումը ներառում է ուղղակի դրամաշնորհ ԵՄ-ի կողմից

1)         Հիմնական և միջանկյալ ֆինանսավորում

2)         Արագ արձագանքման ֆինանսավորում

3)         Ստարտափ ֆինանսավորում՝ նոր մեդիա նախաձեռնությունների համար

4)         Նոր տեսակի բովանդակության ստեղծման ֆինանսավորում

5)         Աջակցություն սահմանափակ միջավայրերում գործառնող ԶԼՄ-ներին

Հայտերի ներկայացման համար՝ www.democracyendowment.eu/support

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար հետևե°ք Ձեր երկրում ԵՄ-ի պատվիրակության պաշտոնական լրահոսին: