Delegation of the European Union to Colombia

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ

Երևան, 08/09/2020 - 13:47, UNIQUE ID: 200908_4
Press releases

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:

ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից:

Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:

Առաքված 10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ՝ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը թեստերն ու սարքավորումները փոխանցել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին:

 

Ընդհանուր տեղեկություններ

COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին վիրուսի դեմ պայքարում: Հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան են ժամանել մի խումբ փորձագետներ՝ հակահամաճարակային արձագանքմանն ուղղված միջոցառումների ընդլայնմանն աջակցելու նպատակով: Հուլիսի 1-ին հանձնվել է 10,000 ՊՇՌ թեստ՝ թեստավորման հնարավորությունը մեծացնելու համար:

Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում. համավարակից ներկայումս տուժել է ավելի քան 216 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին:

Ֆինանսավորումն առաջին հերթին կուղղվի անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքման աշխատանքում ներգրավված անձանց և հիվանդների համար խիստ կարևոր պարագաների ձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում օժանդակությունը կուղղվի երկրի՝ հանրային առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների հզորացմանը:

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Անահիտ Ազատյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Մամուլի և տեղեկատվության պատասխանատու, (+374 91 20 23 87),

Անժելա Կժդրյանին, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Ռիսկերի վերաբերյալ իրազեկման հարցերով խորհրդատու (+374 77 50 09 99):

 

Տեղեկությունների աղբյուր լրագրողների համար

  • COVID-19-ի մասին ինտերակտիվ վահանակների միջոցով վիճակագրական թարմ տվյալներ ստանալու համար այցելեք ԱՀԿ կենտրոնակայանի և ԱՀԿ/Եվրոպայի կայքեր, որոնք իրական ժամանակում մանրամասն տեղեկություններ են տրամադրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Languages:
Խմբագրական բաժիններ: