Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միությունն աշակերտներին հրավիրում է դիմել Թբիլիսիում գործող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի եզակի դիպլոմային ծրագրին

Բրյուսել, 26/01/2021 - 11:29, UNIQUE ID: 210126_7
Press releases

European Union invites students to apply for unique diploma programme at the Eastern Partnership European School in Tbilisi

Մինչև փետրվարի 26-ը բաց է կրթաթոշակների նոր մրցույթը, որը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի այն աշակերտների համար, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կլինեն 16-17 տարեկան և ցանկանում են խորացնել Եվրոպայի ու Եվրոպական միության մասին իրենց գիտելիքները:

Եվրոպական միությունը բոլոր ընտրված աշակերտներին կտրամադրի ամբողջական կրթաթոշակներ՝ ծածկելով կրթական վճարների, դպրոցի տարածքում գիշերակացի ու սնունդի, Թբիլիսիից տուն ուղևորության, բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերի ու ռեսուրսների, ինչպես նաև լիարժեք բժշկական ապահովագրության ծախսերը:

Թբիլիսիի Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի շրջանավարտները կստանան միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմ, որն ընդունվում է 75 երկրների ավելի քան 2000 համալսարաններում, ինչպես նաև լայնորեն ճանաչված է աշխարհի քոլեջների և համալսարանների կողմից:

ԵՄ կողմից ֆինանսավորվող կրթաթոշակային ծրագիրն աջակցելու է ԱլԳ վեց երկրներից մինչև 40 հաջողակ աշակերտների, ովքեր սովորելու են եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ ՄԲ դիպլոմ ստանալու համար: Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցական ծրագիրն իրականացվում է Թբիլիսիի (Վրաստան) Նոր դպրոցի կողմից՝ ներառելով երկամյա նախահամալսարանական դասընթացներ՝ սկսած 2021-2022 ուսումնական տարվանից:

Այս եզակի դիպլոմային ծրագիրը համատեղում է միջազգային բակալավրիատի ակադեմիական գերազանցության ծրագիրը եվրոպական դպրոցների համակարգից ոգեշնչված հատուկ դասավանդման հետ: Ուսումնասիրությունների, էսսեների և կրթական գործունեության ընթացքում աշակերտներին կառաջարկվի եվրոպական ուղղվածության ուսուցման ծրագիր, որը խթանում է բազմամշակութայնության և բազմալեզվության եվրոպական արժեքները՝ խորացնելով եվրոպական լեզուների, գրականության և պատմության վերաբերյալ նրանց գիտելիքները:

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը ստեղծվել է Եվրոպական միության և նրա գործընկեր երկրների՝ ԱլԳ վեց երկրներում երիտասարդական կրթական հնարավորությունների ու միջտարածաշրջանային փոխանակումների ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակներում: Ներկայումս ծրագրի շրջանակներում կրթություն են ստանում 65 աշակերտ՝ ներառյալ 2020 թվականի սեպտեմբերին միացած շուրջ 40 հոգանոց նոր խումբը: 2020 թվականի հունիսի 23-ին դպրոցը հպարտությամբ նշեց իր առաջին 30 աշակերտների խմբի ավարտականը: Բոլոր աշակերտներն, այդ թվում` 20 աղջիկ, ստացան ՄԲ դիպլոմ և շարունակում են բարձրագույն կրթություն ստանալ Եվրոպայի, ԱՄՆ-ի և իրենց հայրենի երկրների համալսարաններում:

Հետաքրքրված աշակերտներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն www.eapeuropeanschool.eu կայքի միջոցով՝ մինչև 2021 թվականի փետրվարի 26-ը, Վրաստանի ժամանակով՝ 12:00-ն (UTC +4:00): Ընտրության գործընթացը կներառի գրավոր թեստեր Zoom առցանց հարթակի միջոցով, իսկ նախապես ընտրված թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ: Մինչև 2021 թվականի մայիսի վերջ կհրապարակվի 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակ ստացողների ցուցակը: Ակնկալվում է, որ ընտրված աշակերտները լիարժեք մասնակցություն կունենան կրթաթոշակային ծրագրի ամբողջ ընթացքին:

Լրացուցիչ տեղեկատվության համար՝

Խնդրում ենք այցելել՝ www.eapeuropeanschool.eu

Հարցերի դեպքում գրել euscholarship@eapeuropeanschool.eu էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել + 995 32 225 70 06 (ֆիքսված) հեռախոսահամարին:

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը՝ հարցերով ու պատասխաններով

 

Languages:
Խմբագրական բաժիններ: