Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ հատկացնում է հավելյալ 3 մլն. արտակարգ օգնություն մարտական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչության համար

Բրյուսել, 20/11/2020 - 07:19, UNIQUE ID: 201120_4
Press releases

Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ հատկացնում է հավելյալ 3 մլն. արտակարգ օգնություն մարտական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչության համար

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հավելյալ 3մլն. եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, որը թույլ կտա տրամադրել անհետաձգելի  աջակցություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շրջակայքում հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական բնակչությանը։ Ֆինանսավորումն իրականացվում է ի լրումն 900 հազար եվրո հատկացվելիք աջակցության, որը հայտարարվել էր հոկտեմբերի առաջին օրերին, երբ սկսվեցին ռազմական  գործողությունները։

 «ԵՄ-ը շարունակում է կանգնել  հակամարտության հետևանքով տուժած բոլոր քաղաքացիական  բնակիչների կողքին: Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները: Այդուհանդերձ , ես չափազանց մտահոգված եմ տեղահանված անապահով անձանց  հումանիտար իրավիճակով, որոնք  ստիպված են լինելու դիմակայել ձմեռային ծանր պայմաններին և կորոնավիրուսային համաճարակի հետևանքներին», նշել է ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Արտակարգ իրավիճակներին ուղղված աջակցությունը կօգնի մարդասիրական օգնության ոլորտի ԵՄ գործընկերներին մարտերի հետևանքով տուժած անձանց տրամադրել հիմնական օգնություն, այդ թվում՝  սնունդ, ձմեռային պարագաներ, առողջապահական աջակցություն, բուժսարքավորումներ և այլ անհրաժեշտ: ԵՄ կողմից մարդասիրական օգնությանն ուղղված ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության և անկախության հումանիտար սկզբունքներին համահունչ:

 

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին ռազմական առճակատումը, որը սկսվել էր սեպտեմբերի 27-ին, վերջին 25 տարիների ընթացքում հակամարտության ամենալուրջ սրումն էր: Հաղորդումներ են ստացվում մարդասիրական միջազգային իրավունքի տարբեր խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ենթադրյալ թիրախավորման կամ արգելված կասետային զինամթերքի օգտագործման: Հակամարտության հետևանքով կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, որոնց շարքերում կան մեծ թվով խաղաղ բնակիչներ: Վեց շաբաթ տևած ռազմական գործողությունների ընթացքում լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենքերին և քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, հիվանդանոցներին, ճանապարհային ենթակառուցվածքներին, էլեկտրական ցանցերին՝ թողնելով երկարատև լուժումներ պահանջող հումանիտար հետևանքներ: Բախումները՝  ուժեղ գնդակոծությունների արդյունքում, հանգեցրել են նաև քաղաքացիական բնակչության զգալի տեղահանման: ԵՄ-ը պարբերաբար կապի մեջ է տեղում գործող մարդասիրական առաքելություն իրականացնող գործընկերների հետ՝ հակազդման ուղղված գործողությունները համակարգելու նպատակով: ԵՄ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունը,  որը նոյեմբերի 9-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու կողմերին անհրաժեշտ է խստորեն պահպանել հրադադարը:

Խմբագրական բաժիններ: