Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միությունը խթանում է Հայաստանի համար կլիմայի փոփոխության բյուջետավորման նշագրման մոդելի համար առաջին փորձնական ուսումնասիրությունը

Երևան, 18/08/2020 - 12:59, UNIQUE ID: 200818_4
Press releases

Եվրոպական միությունը խթանում է Հայաստանի համար կլիմայի փոփոխության բյուջետավորման նշագրման մոդելի համար առաջին փորձնական ուսումնասիրությունը

Օգոստոսի 17-ին՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում առցանց եղանակով անցկացվեց «Կլիմային առնչվող բյուջետային ծախսերի նշագրում» թեմայով աշխատաժողովը։

Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) շարքում, Հայաստանը հյուրընկալում է կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման գծով առաջին փորձնական ուսումնասիրությունը: Այս գործողության նպատակն է զարգացնել պետական բյուջեի պլանավորման և հաշվետվողականության համակարգերում կլիմայի փոփոխության ցուցիչների ինտեգրման մասով առաջնային փորձը, ինչը հնարավորություն կտա նույնականացնել և հսկել կլիմայական ֆինանսավորման հանրային ծախսերը։

Աշխատաժողովի նպատակն էր դիտարկել ուսումնասիրության ներկայիս ձեռքբերումները, անդրադառնալ ուսումնասիրության մեթոդական հիմքերին, քննարկել և պլանավորել վերջինիս արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը:

Իր կարևորության և բազմակողմանի բնույթի շնորհիվ, Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման գծով ուսումնասիրությունն ընդգրկում է շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, ուստի աշխատաժողովին միացել էին շուրջ 30 մասնակից տարբեր պետական գերատեսչություններից, փորձագիտական խմբերից և դոնոր կազմակերպություններից:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհայելա Ստոյկոսկան ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծեց շահագրգիռ նախարարությունների, տեղական և միջազգային գործընկերների համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության դիմակայման քաղաքականությունների մշակման շուրջ՝ որպես բոլոր ոլորտներին հարակցվող հարց։

«Քաղաքականությունը իրական է դառնում, միայն երբ կա վերջինիս իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումը, ուստի  «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն այս առումով ունի բոլոր մեխանիզմներն ու գործիքները, որոնք թույլ են տալիս գնահատելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար անհրաժեշտ միջոցառումների համադրումը դրանց համար հատկացված ֆինանսական ռեսուրսների ծավալների հետ», - նշեց Միհայելա Ստոյկոսկան։

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին կարևորեց այս ուսումնասիրության իրականացումն այն առումով, որ այն թույլ է տալիս պարզել կլիմայական քաղաքականության իրականացման համար ծախսվող ֆինանսական ռեսուրսների ճշգրիտ մակարդակը, ինչպես նաև՝ բարձրացնել իրազեկումը բյուջետային նշագրման մասին: Շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման և հարմարվողականության առումով՝ Անդրեա Բաջիոլին հղում կատարեց առկա մարտահրավերներին ուղղված ԵՄ «Կանաչ գործարք»-ի և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էական դերին այս ուսումնասիրության ընթացքի և հետագա լրամշակման համար։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից՝ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ ֆինանսների նախարարության անունից՝ Բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը հանդես եկան ողջույնի խոսքով՝ կարևորելով կլիմայի փոփոխության  մարտահրավերների բազմակողմանիությունը,  պետական կառույցների միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը և պատրաստակամությունը հետագա աշխատանքներում փորձագիտական թիմի հետ առավել ակտիվ համագործակցելու գործում։

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի՝ Կլիմայի փոփոխությանն առնչվող բյուջետային ծախսերի նշագրման և ծրագրավորման ազգային փորձագետ Վահան Սիրունյանը ներկայացրեց Հայաստանի համար Կլիմայի փոփոխության բյուջետային ինտեգրման ինդեքսի (ԿՓԲԻԻ) գնահատման արդյունքները, ներառյալ ԿՓԲԻԻ հաշվարկման մեթոդաբանությունը, ինչպես նաև` հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները:

Այնուհետև, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի՝ Հայաստանում Կլիմայի փոփոխության մասով հանրային ծախսերի շրջանակի մշակման միջազգային խորհրդատու Ջոն Ուարդը խոսեց Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ակնարկի (ԿՀԾԻԱ) մշակման մեթոդաբանության և դրա հենասյուների՝ քաղաքականության,  ինստիտուցիոնալ և ծախսերի վերլուծությունների մասին: Մասնավորապես, նա կանգ առավ միջազգային փորձի վրա հիմնված կլիմայի փոփոխության հանրային ծախսերի նույնականացման, դասակարգման և կշռման համար առաջարկվող մոտեցումների, դրանց առավելությունների ու թերությունների վրա։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցներն ու շահագրգիռ կողմերը քննարկեցին ներկայացված մոտեցումները և մտքեր փոխանակեցին ուսումնասիրության իրականացման հետագա գործընթացի վերաբերյալ: Համագործակցության առումով՝ ՄԱԶԾ Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման շրջանակի վերաբերյալ նոր ծրագրի պատասխանատու Տաթևիկ Քոլոյանը կարևորեց փոխշահավետ գործակցությունը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի հետ։

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ամփոփեց աշխատաժողովի հիմնական դիտարկումները և ներկայացրեց այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Հայաստանի համար կլիմայական բյուջետավորման նշագրման ազգայնացված մոդելի մշակման համար՝ կոչ անելով շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությանն այս գործընթացում։

Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման գծով պիլոտային ուսումնասիրությունը ուղենշային փաստաթուղթ է հանդիսանալու՝ ուղղված Հայաստանի կլիմայական քաղաքականությունների, հավակնությունների և նպատակների իրականացմանը, ինչպես նաև՝ արդյունավետ լծակ է ֆինանսական ռեսուրսների հայթայթման հարցում։

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանին, դիմակայել կլիմայի փոփոխությանը։ Այն աջակցում է երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի իրագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։

Մեդիա պատասխանատու՝ Օֆելյա Սուքիասյան․ Հանրային իրազեկման օգնական, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիր, +374 10 58 39 20 (13), ofelya.sukiasyan@undp.org

 

Languages:
Խմբագրական բաժիններ: