Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

Բրյուսել, 23/07/2020 - 11:40, UNIQUE ID: 200723_5
Press releases

ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով: Հուլիսի 13-ին կայացած առանձին հեռախոսազրույցից հետո սա առաջին հեռախոսազրույցն էր, որին  համաժամանակ մասնակցել են ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը և երկու երկների ԱԳ նախարարները:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը ցավակցություն հայտնեց սպանվածների ընտանիքներին և՝ վիրավորներին մաղթեց արագ ապաքինում:

Քննարկումների ընթացքում Ջուզեպ Բորելը երկու կողմերին հորդորեց դադարեցնել զինված  առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝  տարածաշրջանում առանցքային նշանակության  ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից: Նա շեշտեց, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները պետք է մասնակից լինեն այս խաղաղ նպատակին:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորեց վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա մեխանիզմները, հաստատված ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ: 

Նա նաև ընդգծեց համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ առարկայական բանակցություններում վերստին ներգրավվելու անհրաժեշտությունը, որին երկու նախարարները համակարծիք էին:  Նա նաև կարևորեց տեղում ԵԱՀԿ մոնիտորինգը վերսկսելու հրատապությունը, պայմանները թույլ տալուն պես:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահն ընդգծեց երկու կողմերի հետ ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը և հանձնարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ կապի մեջ լինել երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

Խմբագրական բաժիններ: