Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Կորոնավիրուս. ԵՄ գլոբալ արձագանքն ընդդեմ համավարակի

Բրյուսել, 09/04/2020 - 14:28, UNIQUE ID: 200409_63
Press releases

Կորոնավիրուս. ԵՄ գլոբալ արձագանքն ընդդեմ համավարակի

Այսօր Եվրոպական հանձնաժողովն ու Բարձր ներկայացուցիչը ուրվագծել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում գործընկեր երկրների ջանքերի աջակցմանն ուղղված ԵՄ հուսալի և նպատակային արձագանքի ծրագրերը: ԵՄ-ի հավաքական գործողությունները կենտրոնանալու են անմիջապես առողջապահական ճգնաժամի ու դրա հետևանքով սկիզբ առած հումանիտար կարիքների լուծման, գործընկեր երկրների առողջապահական, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ու համավարակի հաղթահարման ուղղությամբ նրանց հետազոտական և պատրաստվածության կարողությունների ամրապնդման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացման վրա: Նշված գործողությունների իրականացման համար ԵՄ-ն իր արտաքին գործողությունների համար նախատեսված միջոցներից գործընկեր երկրներին կտրամադրի 15,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն: Մեր գործընկերների հետ մեկտեղ մենք հոգ ենք տանում, որպեսզի ԵՄ-ի կողմից վերջիններիս արդեն իսկ հատկացված նշանակալի ֆինանսավորումն ուղղվի կորոնավիրուսի առաջացրած հետևանքների չեզոքացմանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեկնաբանել է. «Վիրուսը սահմաններ չի ճանաչում: Այս գլոբալ մարտահրավերը միջազգային սերտ համագործակցության կարիք ունի: Եվրոպական միությունն անխոնջ կերպով պայքարում է համավարակի դեմ: Բոլորս գիտենք, որ միայն միասին մենք կարող ենք դադարեցնել կորոնավիրուսի տարածումն աշխարհում: Այդ նպատակով ԵՄ-ն շուտով կանցկացնի դրամահայթայթման վիրտուալ միջոցառում, որպեսզի օգնի անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և աջակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ առավել խոցելի երկրներին օժանդակելու գործում»:

Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը հավելել է. «Կորոնավիրուսային համավարակը միասնական, գլոբալ արձագանք է պահանջում: Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները կատարում են իրենց դերն առողջապահական այս ճգնաժամի և դրա ծանր հետևանքների հաղթահարման գործում, ընդ որում՝ և իրենց սահմանների ներսում, և դրանից դուրս: Մեր քաղաքացիների համար աջակցություն ապահովելու հետ մեկտեղ մենք նաև պետք է օժանդակենք մեր անմիջական հարևանությամբ ու դրանից դուրս գտնվող գործընկերներին՝ արձագանքելու այն ազդեցություններին, որոնք կարող են տեղ գտնել նրանց կենսապահովման, կայունության և անվտանգության ոլորտներում, քանի որ նրանց խնդիրները մեր խնդիրներն են: Սա գլոբալ պայքար է, որում մենք հաղթելու կամ պարտվելու ենք միասնաբար: Միջազգային մակարդակում համագործակցությունն ու համատեղ ջանքերը և բազմակողմանի լուծումները պետք է ուղի հարթեն ապագայում իրական համաշխարհային օրակարգի համար»:

Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը բացատրել է. «Քանի դեռ կորոնավիրուսը որևէ տեղ կենսական սպառնալիք է ներկայացնում, մենք չենք կարող ապահով լինել: Սա է միջազգային համագործակցության և գործընկերության առանցքը: Մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի չեզոքացնենք մեր ընդհանուր մարտահրավերները: Այսօր Եվրոպական հանձնաժողովը 15.6 միլիարդ եվրոյի չափով գլոբալ արձագանքման նշանակալի փաթեթով միջոցներ է ձեռնարկում և ուղղորդում է մասնավորապես Աֆրիկայում մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը` հանուն բոլորիս առավել անվտանգ ապագայի»:

Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին ասել է. «Կորոնավիրուսային համավարակին մեր գլոբալ արձագանքի շրջանակներում Արևմտյան Բալկանների ու մեր անմիջական հարևանների համար նախատեսված ավելի քան 3,8 միլիարդ եվրոյի չափով միջոցները մենք վերաուղղում ենք դեպի Արևելք ու Հարավ, որտեղ այսօր առկա իրական կարիքները հետևյալն են. անհապաղ արձագանք առողջապահական ճգնաժամին, առողջապահական համակարգերի ամրապնդում և համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմում: Մենք կիսում ենք միևնույն աշխարհամասը և միայն միասին կարող ենք հաջողության հասնել»:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նախազգուշացրել է. «Մենք առճակատվել ենք մի երևույթի հետ, որը կարող է վերածվել տասնամյակների ընթացքում խոշորագույն հումանիտար ճգնաժամի: Առավել անկայուն երկրների, միգրանտների և առավել խոցելի մարդկանց վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցությունն, ըստ ամենայնի, կարող է ողբերգական բնույթ կրել: Սա հատկապես վերաբերում է փախստականների և ներքին տեղահանվածների՝ սահմանափակ հնարավորություններով ու առողջության համար հաճախ վտանգավոր ճամբարներին: Այդ իսկ պատճառով մենք պետք է եռանդուն կերպով արձագանքենք հանրային առողջապահական արտակարգ իրավիճակներին, ապահովենք, որպեսզի հումանիտար կառույցները շարունակեն իրագործել իրենց կյանքեր փրկող առաքելությունը, և աջակցենք առանցքային մարդասիրական գործողությունների համար փոխադրումներին ու նյութատեխնիկական ապահովմանը»:

«Team Europe» փաթեթ

ԵՄ-ի արձագանքը հիմնված է «Team Europe» մոտեցման վրա, որն ուղղված է կյանքեր փրկելուն` մեր գործընկերներին այս համավարակի դեմ պայքարում արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելու միջոցով: Այն համակցում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների ու ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցները՝ գործընկեր երկրներին աջակցելու ու վերջիններիս կարճաժամկետ կարիքներին, ինչպես նաև հասարակությունների և տնտեսությունների վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին արձագանքելու համար: Առաջին «Team Europe» փաթեթներն արդեն իսկ իրականացվում են ԵՄ անմիջական հարևանությամբ՝ Արևմտյան Բալկաններում, Արևելքում ու Հարավում:

ԵՄ-ն՝ որպես գլոբալ դերակատար և միջազգային օգնության համակարգի խոշոր ներդրող, կնպաստի համակարգված բազմակողմանի պատասխան գործողություններին՝ ՄԱԿ-ի, միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև G7-ի ու G20-ի հետ համագործակցությամբ:

Եվրոպական միությունը կշարունակի իր արձագանքը հարմարեցնել փոփոխվող իրավիճակին և հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի առողջապահական աջակցության կարիք ունեցող առավել տուժած երկրների վրա, ինչպիսիք են՝ Աֆրիկայի, Հարևանության, Արևմտյան Բալկանների, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի առանձին հատվածների, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները: ԵՄ արձագանքը կկենտրոնանա առավել խոցելի մարդկանց, այդ թվում՝ միգրանտների, փախստականների, ներքին տեղահանված անձանց ու նրանց հյուրընկալ համայնքների վրա, և կինտեգրի «Կանաչ գործարքում» ու «Թվային օրակարգում» ամրագրված իր ռազմավարական նպատակները:

Ընդհանուր 15,6 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթից 3,25 միլիարդ եվրոն ուղղվում է Աֆրիկային, որից 1,19 միլիարդ եվրոն՝ Հյուսիսաֆրիկյան հարևանության երկրներին:

ԵՄ-ն ընդհանուր առմամբ 3,07 միլիարդ եվրո է նախատեսում  հարևանության ողջ տարածաշրջանի համար. 2,1 միլիարդ եվրո՝ Հարավային հարևանության և 962 միլիոն եվրո՝ Արևելյան գործընկեր երկրների համար: 800 միլիոն եվրո էլ կուղղվի Արևմտյան Բալկաններին ու Թուրքիային:

Բացի այդ, ընդհանուր փաթեթը ներառում է ևս 1,42 միլիարդ եվրո՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (ԿԶԵՀ) կողմից Աֆրիկայի և հարևանության համար երաշխիքների տեսքով:

ԵՄ-ն 1,22 միլիարդ եվրոյի աջակցություն կցուցաբերի Ասիային և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին, ևս 291 միլիոն եվրո կուղղվի Աֆրիկային, Կարիբյան ավազանին ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին, 918 միլիոն եվրո՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերներին աջակցմանը, իսկ 111 միլիոն եվրո էլ՝ Անդրծովյան երկրներին ու տարածքներին:

 

ԵՄ գլոբալ արձագանքի փաթեթի գործնական իրագործումը

502 միլիոն եվրո՝ Արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողություններին, այդ թվում.

  • անհապաղ աջակցության ցուցաբերում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության պատասխան գործողությունների ծրագրերին, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման կոչին՝ նպաստելու առողջապահական թույլ համակարգեր ունեցող և հումանիտար ճգնաժամ ապրող երկրներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ու արձագանքման կարողություններին.
  • տուժած երկրներում անհապաղ մարդասիրական աջակցության ցուցաբերում, մասնավորապես՝ առողջապահության, ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի (ՋՍՀ) ու նյութատեխնիկական ապահովման ոլորտներում.
  • աջակցություն Եվրոպայում անհատական պաշտպանական միջոցների և բժշկական սարքավորումների արտադրության ավելացմանը՝ Եվրոպայի ու գործընկեր երկրների հրատապ կարիքները բավարարելու համար.
  • Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով տուժած երկրներին նյութական օգնության մատակարարման կազմակերպում.
  • տեղական բանկերին երաշխիքների և իրացվելիության պահուստների տրամադրում միջազգային ֆինանսական հաստատությունների ու զարգացման եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցությամբ.
  • աջակցություն արտահանման սահմանափակումների դեմ  և մատակարարման շղթաների (հատկապես՝ հիմնական բժշկական պարագաների ու դեղագործական ապրանքների) անխափան գործառնության ապահովման ուղղությամբ գլոբալ ջանքերին.
  • Արևմտյան Բալկանների ասոցացում ԵՄ այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են՝ բժշկական սարքավորումների Համատեղ գնումների համաձայնագիրը և Վարակիչ հիվանդությունների արագ ազդարարման եվրոպական համակարգը: Ասոցացման շուրջ բանակցություններ վարող երկրները կարող են դիմել նաև ԵՄ համերաշխության հիմնադրամին:

 

2,8 միլիարդ եվրո՝ հետազոտություններին և առողջապահական ու ջրամատակարարման համակարգերին աջակցությանը: Ի թիվս այլ հարցերի, ԵՄ-ն՝

  • կաջակցի գործընկեր երկրներին՝ առողջապահության ու սոցիալական պաշտպանության ճկուն և արձագանքող համակարգերի կայացման գործում.
  • կաջակցի վարակի տարածման դեմ հիմնական պաշտպանական միջոցառումների և հիգիենայի պահպանման վերաբերյալ հաղորդակցական և իրազեկման ջանքերին.
  • կթույլատրի, որպեսզի առողջապահության որոշ համաշխարհային նախաձեռնություններին (ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ, Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք, Ֆինանսավորման գլոբալ հիմնադրամ) ուղղված իր միջոցներն օգտագործվեն կորոնավիրուսին արձագանքմանը միաժամանակ ապահովելով կենսական նշանակության առողջապահական ծրագրերի շարունակականությունը.
  • կաջակցի ախտորոշման, բուժման և կանխարգելման ուղղվածությամբ առաջիկա հետազոտություններին, իսկ պատվաստանյութի ի հայտ գալու դեպքում՝ վերջինի արագացված հաստատմանն ու սուբսիդավորեմանը, ինչպես նաև խոցելի երկրներ դրանց առաքմանը.
  • կաջակցի մասնագետների վերապատրաստմանը, համաճարակաբանական հսկողությանն ու Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային առողջապահական կազմակերպությունների ամրապնդմանը.
  • կողջունի Արևմտյան Բալկաններում թեկնածու երկրների մուտքը ԵՄ Առողջապահական անվտանգության կոմիտեի կազմ և կխորհրդածի հավանական թեկնածուներին լավագույնս ասոցացնելու շուրջ.
  • կաջակցի միգրանտների, փախստականների և հյուրընկալ համայնքների առողջապահական համակարգերի նկատմամբ հավասար հասանելիության ապահովմանը:

 

12.28 միլիարդ եվրո՝ տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանը: Ի թիվս այլ հարցերի, ԵՄ-ն՝

  • ուղղակի բյուջետային աջակցություն ու արտոնյալ պայմաններով ֆինանսավորում կապահովի գործընկեր երկրների համար` սոցիալ-տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև ճգնաժամի ընթացքում աշխատողների պաշտպանության միջոցառումների համար.
  • Արևմտյան Բալկանների և հարևան երկրների համար կմոբիլիզացնի մակրոֆինանսական օժանդակություն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ.
  • կաջակցի մասնավոր հատվածին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և ինքնազբաղվածներին՝ երաշխիքների, իրացվելիության պահուստների և տեխնիկական աջակցության, ինչպես նաև Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից վարկերի մասով կարճաժամկետ ռիսկերը կիսելուն ուղղված հետագա վերակողմնորոշիչ երաշխիքների միջոցով.
  • Եվրոպական ներդրումային բանկի միջոցով վարկեր կտրամադրի պետական հատվածին, հատկապես՝ առողջապահական սարքավորումների և անհրաժեշտ պարագաների համար.
  • Միջազգային կազմակերպությունների և եվրոպական ընկերությունների հետ կհամագործակի ռազմավարական նշանակության ոլորտներում ամուր ու ճկուն արժեշղթաներ ստեղծելու և աշխատանքային իրավունքների ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ապահովման ուղղությամբ.
  • կխթանի պարտքերի զիջման հնարավորությունները ԱՄՀ-ի կողմից դիտարկվող տուժած երկրներում:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Ուղերձի հղում

Հարցեր և պատասխաններ. ԵՄ գլոբալ արձագանքն ընդդեմ կորոնավիրուսային համավարակի

Տեղեկատվական թերթիկ՝ գործընկեր երկրներում ԵՄ աջակցության հստակ օրինակների մասին

 

IP/20/604

Կոնտակտային տվյալներ մամուլի ներկայացուցիչների համար.

Անա ՊԻՍՈՆԵՐՈ - ԷՐՆԱՆԴԵՍ (+32 2 295 43 20)

Ժեսին ՆՈԼԼԵ (+32 2 295 43 23)

 

Հասարակայնության հարցումների համար կապվել Europe Direct-ի հետ՝ 00 800 67 89 10 11  հեռ. համարով կամ էլ. փոստով

 

Խմբագրական բաժիններ: