Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Բրեքզիթ. ինչ է դա նշանակում Եվրոպական միության և մեր գործընկերների համար

Բրյուսել, 03/02/2020 - 13:03, UNIQUE ID: 200203_13
Op-Eds

ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի և Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների (Բրեքզիտ) հարցերով հանձնախմբի ղեկավար Միշել Բարնյեի համահեղինակած հոդվածը` տպված Առավոտ լրատվամիջոցում

2020 թվականի հունվարի 31-ին Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրոպական միության կազմից. մենք կորցրեցինք մեր ընտանիքի անդամներից մեկին: Պահը տխուր էր եվրոպացիներիս և անշուշտ բազմաթիվ բրիտանացիների համար:

Այդուհանդերձ, մենք մշտապես հարգել ենք բրիտանական ընտրազանգվածի 52 տոկոսի ինքնիշխան որոշումը, և այժմ հույս ունենք նոր սկիզբ դնել մեր հարաբերություններում։

Մի կողմ թողնելով հույզերը՝ փետրվարի 1-ը մեզ համար դարձավ պատմական օր, բայց այն զերծ է դրամատիզմից, առավելապես Միացյալ Թագավորության հետ բանակցությունների արդյունքում ստորագրված Եվրամիության կազմից դուրս գալու մասին համաձայնագրի շնորհիվ,  որը  հնարավորություն տվեց ապահովել «պատշաճ Բրեքզիթ»: Այն առնվազն որոշ ժամանակով կնվազեցնի խոչընդոտները քաղաքացիների, բիզնեսի, պետական ​​կառավարման մարմինների, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների համար։

Ըստ Համաձայնագրի՝ Եվրոպական միությունը և Միացյալ Թագավորությունը համաձայնության են եկել առ այն, որ անցումային ժամանակաշրջանի  ընթացքում, առնվազն մինչև 2020 թվականի ավարտը, Միացյալ Թագավորությունը,  չլինելով այլևս ԵՄ անդամ պետություն, կշարունակի իր անդամակցությունը ԵՄ Մաքսային միությանը և Միասնական շուկային, ինչպես նաև կշարունակի կիրարկել ԵՄ օրենսդրությունը։ Այս ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունը կշարունակի մաս կազմել  ԵՄ միջազգային համաձայնագրերին, ինչի մասին հայտագրի միջոցով հստակ տեղեկացրել ենք միջազգային մեր գործընկերներին:

Ուստի, անցումային ժամանակահատվածին զուգահեռ, առկա է շարունակականության որոշակի աստիճան: Առաջադրանքը դյուրին չէր՝ հաշվի առնելով ողջ ծավալը: Դուրս գալով Եվրամիության կազմից՝ Միացյալ Թագավորությունը ավտոմատ կերպով, մեխանիկորեն և օրինական եղանակով դուրս է գալիս  բազմաթիվ, այդ թվում՝ առևտրի, ավիացիայի, ձկնորսության կամ քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ Եվրոպական միության կողմից կամ նրա անունից ի շահ ԵՄ անդամ պետությունների կնքված հարյուրավոր միջազգային պայմանագրերից։

Այժմ մենք պետք է ստեղծենք նոր գործընկերություն Եվրոպական միության և Միացյալ Թագավորություն միջև: Այդ ուղղությամբ աշխատանքների մեկնարկը կտրվի շաբաթներ անց՝ այն պահից սկսած, երբ ԵՄ անդամ 27 պետություն հավանություն կտա Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված բանակցային մանդատին, որի միջոցով կսահմանենք  հնարավորինս սերտ գործընկերության հաստատման ժամկետներն ու հավակնությունները մի երկրի հետ, որը կշարունակի մնալ մեր դաշնակիցը, գործընկերը և բարեկամը։

Եվրոպական միությունը և Միացյալ Թագավորությունը կապված են պատմական, աշխարհագրական, մշակութային կապերով և ընդհանուր արժեքներով ու սկզբունքներով, ինչպես նաև կանոնների վրա հիմնված բազմակողմանիության նկատմամբ ուժեղ հավատով: Այս կապերը և ընդհանուր համոզմունքները տեղ կգտնեն մեր գործընկերության հետագա ձևաչափում։ Մենք ցանկանում ենք այն ընդլայնել առևտրային հարաբերություններից անդին և շարունակել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, որտեղ Միացյալ Թագավորությունն ունի փորձառություն և ռեսուրսներ, որոնք լավագույնս օգտագործվում են որպես ընդհանուր ջանքերի մի մաս: Լուրջ մարտահրավերների և փոփոխությունների, ինչպես նաև անհանգիստ և անցումային աշխարհում մենք պետք է միմյանց հետ խորհրդակցենք և համագործակցենք՝ երկկողմանի, տարածաշրջանային և համաշխարհային կարևորագույն հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, ՆԱՏՕ-ն կամ մեծ քսանյակը:

Թերևս կհնչի որպես կլիշե, բայց հիմնական ճշմարտությունն այն է, որ այսօրվա համաշխարհային մարտահրավերները` կլիմայի փոփոխությունը, կիբերհանցագործությունը, ահաբեկչությունը կամ անհավասարությունը պահանջում են հավաքական արձագանք: Որքան Միացյալ Թագավորությունն ավելի սերտ կարողանա համագործակցել ԵՄ-ի հետ և ամբողջ աշխարհի գործընկերների հետ, այնքան մեծ են այդ մարտահրավերները արդյունավետորեն լուծելու մեր հնարավորությունները:

«Եվրոպական միություն» նախագծի առանցքային գաղափարն այն է, որ ավելի հզոր ենք միասին, և համընդհանուր նպատակների իրականացման համար լավագույնը  մեր ռեսուրսների և նախաձեռնությունների մեկտեղումն է: «Բրեքզիթ»-ը չի փոխում այդ գաղափարը, և մենք՝ 27 անդամներով կշարունակենք առաջ մղել մեր նախագիծը:

Միասին 27 անդամ պետությունները կշարունակեն կազմել 450 միլիոն քաղաքացի և ավելի քան 20 միլիոն բիզնես ունեցող Միասնական շուկան:

Միասին մենք մնում ենք ամենամեծ առևտրային բլոկն աշխարհում:

Միասին՝ 27 անդամով, մենք շարունակում ենք մնալ աշխարհի ամենամեծ զարգացման օգնության դոնորը:

Մեր գործընկերները կարող են վստահ լինել, որ հավատարիմ կմնանք հավակնոտ, արտաքին համագործակցությանը միտված օրակարգին`առևտրի և ներդրումների ուղղությամբ, կլիմայի գործողությունների և թվայնացման ուղղությամբ, փոխկապակցվածության ուղղությամբ, անվտանգության և հակաահաբեկչության ուղղությամբ, մարդու իրավունքների և ժողովրդավարության ուղղությամբ, կամ պաշտպանության և արտաքին քաղաքականության ուղղությամբ:

Կշարունակենք հավատարմությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ. կշարունակենք իրագործել միջազգային գործընկերների հետ մեզ կապող համաձայնագրերը, ինչպիսին է օրինակ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և կշարունակենք սահմանել բազմակողմանի համագործակցության շրջանակներ ողջ աշխարհում:

Եվրամիությունը կշարունակի մնալ վստահելի գործընկեր, ընդունված կանոնների վրա հիմնված բազմակողմանիության ջատագովը, որը գործընկերների հետ համագործակցաբար ձգտում է աշխարհը դարձնել ավելի անվտանգ և արդար։

Languages:
Խմբագրական բաժիններ: