Delegation of the European Union to Armenia

Երեխաները կիրականացնեն համայնքային ծրագրեր՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը

Հայաստան, 20/11/2019 - 17:12, UNIQUE ID: 191120_15
Press releases

Երեխաները կիրականացնեն համայնքային ծրագրեր՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը

Ս.թ. նոյեմբերի 20-ին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի շրջանակում 150 երեխաներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից մշակեցին երեսուն նախագիծ։ Միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ներգրավելով նրանց ոլորտում առկա խնդիրների լուծման գործում: Միջոցառումը հարթակ ծառայեց 13-17 տարեկան երիտասարդ մասնակիցների համար՝ իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Հաղթող ճանաչվեց երեք նախագիծ՝ յուրաքանչյուր մարզից մեկը: Նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, իսկ դրանց ընթացքը կվերահսկեն մարզպետարաններն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։ Դրանք կնպաստեն մարզերում հավասար իրավունքների խթանմանը` համայնքային ներգրավվածության միջոցով: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին: Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը, մարտահրավերներն ու տարվող աշխատանքները: Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին:   

Languages:
Editorial Sections: