Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոն          

Երևան, 08/11/2019 - 14:21, UNIQUE ID: 191108_10
Invitations for the press

Հայաստանում Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոն          

«ԵՄ կինոփառատոներ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ Մշակույթի ազգային ինստիտուտների ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերն այս տարի կազմակերպում են Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնը Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ եվրոպական կինոարտադրության լավագույն ֆիլմերին և հարթակ է ապահովում միջմշակութային երկխոսության համար:

Աշխարհում Եվրամիության ավելի քան 139 պատվիրակություններ ներգրավված են ֆիլմերի եվրոպական փառատոների կազմակերպման գործում՝ նպատակ ունենալով խթանել Եվրամիությունը և ցուցադրել եվրոպական մշակույթը:

Հայաստանում Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի 4 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Վանաձորում: Փառատոնային ցուցադրությունների հիմնական ծրագիրը ներառում է ԵՄ անդամ 12 երկրների կինոարտադրության ամենաթարմ ֆիլմերը, այդ թվում` ԵՄ նախագահող երկրից՝ Ֆինլանդիայից, որն այս տարի առաջին անգամ է միացել փառատոնին:

Փառատոնի հագեցած ծրագիրը ընդգրկում է այնպիսի հռչակավոր ռեժիսորների ֆիլմերի Երևանյան պրեմիերաներ, ինչպիսիք են Ռոյ Անդերսոնը, Ագնեշկա Հոլանդը, Նորա Ֆինգշեյդը, Ջեսիքա Վուդվորթը, Ռիչարդ Բիլինգհեմը և շատ ուրիշներԾրագրում ընդգրկված են այս տարվա Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներում հաղթանակած ֆիլմեր: Ցուցադրություններին կզուգորդեն քննարկումներ և վարպետության դասեր ինչպես տեղի, այնպես էլ միջազգային մասնագետների մասնակցությամբ: Միջազգային EurasiaDoc կինոհարթակը  այս անգամ ևս սկսնակ կինոգործիչներին հնարավորություն կընձեռի հայտնի պրոդյուսերներին ներկայացնել իրենց ֆիլմերի գաղափարները՝ հետագա համագործակցության և ֆինանսավորման համար: Մարզերում ներկայացվող հարուստ կինոծրագիրը կնպաստի մշակութային մթնոլորտի զարգացմանը Երևանից դուրս:  

Առաջին անգամ ծրագրի բացառիկ մաս է կազմում "Women in Motion" մրցութային ծրագիրը, որը միտված է հայ կին ռեժիսորների առաջխաղացմանը: Նոյեմբերի 11-ից 13-ը հանդիսատեսի և ժյուրիի դատին կներկայացվի վերջին տարիների հայկական արտադրության 10 ֆիլմԴրանցից մեկը կճանաչվի հաղթող և կպարգևատրվի ժյուրիի հայ և արտասահմանյան անդամների մենթորությամբ:  

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2019-ի նոյեմբերի 10-ին, ժամը՝ 16:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Բացմանը կկայանա հայ անվանի կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի ֆրանս-իտալական համատեղ արտադրության «Գլորիա Մունդի» ֆիլմի Երևանյան պրեմիերան:

Բացման ելույթով հանդես կգան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը և բարձրաստիճան այլ հյուրեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Նոյեմբերի 10-ին, ժամը 16։30 կկայանա ճեպազրույց՝  ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան, Պատվիրակության ղեկավար Տկն. Անդրեա Վիկտորինի,  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում ։

Լրագրողների ժամանում՝          15։45
Գրանցում՝                                      15։45-15։55
Ճեպազրույց՝                                16։00-16։30

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան լուսաբանելու  բացման արարողությունը և փառատոնի բոլոր միջոցառումները:

Ֆիլմերի Երևանյան ցուցադրությունները տեղի կունենան  ամեն օր ժամը 17: 00-ին և 19: 00-ին, անգլերեն և հայերեն ենթագրերով: 2019-ի նոյեմբերի 23-ից 29-ը փառատոնը կտեղափոխվի Հայաստանի մարզեր, մասնավորապես ՝ Գյումրի, Դիլիջան և Վանաձոր քաղաքներ: (Ծրագիրը կցված է):

Լրատվամիջոցներին առաջարկվում է լուսաբանել փառատոնի մարզային ցուցադրությունները: Այդ նպատակով կապահովվի լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումը մարզեր:

Մեկնումը Հանրապետության հրապարակից կիրականացվի, մասնավորապես՝ Գյումրի նոյեմբերի 23-ին, ժամը 12: 30-ին, Դիլիջան՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին,  Վանաձոր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 12: 30-ին:

Փառատոնին վերաբերող լրացուցիչ հարցերի համար դիմեք փառատոնի համակարգող Վարվարա Հովհաննիսյանին, հեռախոս՝ +374 98 20 07 98:

Լրատվամիջոցների լուսաբանման հետ կապված լրացուցիչ հարցերի համար դիմեք փառատոնի մամուլի պատասխանատու՝ Դանիելա Մելիքյանին, հեռախոս՝+374 93 86 30 93:

Կից ներկայացվում է Եվրոպական ֆիլմերի 2-րդ փառատոնի ծրագիրը`

 

Languages:
Խմբագրական բաժիններ: