Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը

Երևան, 04/10/2019 - 09:34, UNIQUE ID: 191004_5
Press releases

Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը

Հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունն աջակցելու Կառավարության ջանքերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, այսօրվա հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորել է նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:

Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը և ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ :

Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների  վերջնականացման գործընթացում ներգրավելու համար:

Languages:
Խմբագրական բաժիններ: