Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր

Հայաստան, 27/09/2019 - 12:48, UNIQUE ID: 190927_4
Invitations for the press

Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր

Ս.թ. սեպտեմբերի 28-29-ին Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրեր, որոնք այս տարի կրում են «Արվեստ և ժամանց» խորագիրը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունենալու  սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը բացման ելույթներ կունենան, ինչպես նաև միջոցառման վերաբերյալ ճեպազրույց կանցկացնեն մամուլի ներկայացուցիչների հետ։

Միջացառման օրակարգը տես այստեղ՝

Մի քանի ժամով Ամբերդի տարածքը կվերածվի հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական հարթակի, որտեղ կհանդիպեն հայկական մշակույթի անցյալն ու ներկան, արվեստն ու ժամանցը։ Արագածոտնի մարզի մի խումբ դպրոցականներ նույնպես միանալու են այս տոնախմբությանը ։  Այցելուներին կդիմավորեն թագավորն ու թագուհին, պալատականները, մունետիկները, մեմերն ու ծաղրածուները, շրջիկ թատերախմբերը: Կից  ներկայացվում է միջոցառման օրակարգը։

 

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հայկական ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների և զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձանների տարածքում կկազմակերպվեն բազմաթիվ ու բազմաժանր մշակու­թային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն: Նախարարության կողմից կազմակերպված միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

 

Ուշադրություն:  Լրատվամիջոցների տեղափոխության համար նախատեսված է հատուկ մեքենա, որը կշարժվի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ին, Վազգեն Սարգսյան 3 (ԱԳՆ դիմաց) հասցեից: Խնդրում ենք գրանցվել նախապես՝ մինչև  սեպտեմբերի 27-ի ժամը 16։00-ն,  քանի որ տեղերը սահմանափակ են: Մանրամասների համար՝  094700974, Մանե Մադոյան

 

Հավելյալ տեղեկատվություն

____________________________

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրոպական հանձնաժողովը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝  բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը  Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

 

Ամբերդը նախկին բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում: Ներկայումս գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։ Ամրոցի մոտ է գտնվում 1026 թ.-ին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ կառուցված Վահրամաշեն եկեղեցին:

Languages:
Խմբագրական բաժիններ: