Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Լուսաբանման հրավեր. «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի փակման արարողություն

Հայաստան, 19/06/2019 - 13:56, UNIQUE ID: 190619_5
Press releases

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի փակման արարողություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Ձեզ «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի փակման արարողությանը հունիսի 21-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում: Ծրագրի փակմանը նվիրված միջոցառումը կնշվի ծրագրի այնպիսի կարևոր արդյունքներով, ինչպիսիք են՝ Գեղամասարում ծրագրի շրջանակներում կառուցված կենսագազի կայանի և ջերմատան բացումը:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը՝ 11:00-12:40, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում:

Ծրագրի նպատակն է աջակցել Գեղամասար, Արեգունի, Փամբակ, Շաքի, Շաղատ, Անգեղակոթ շահառու գյուղերի տնտեսական աճին՝ մրցունակության բարձրացման եւ կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով։

Այս միջոցառումը մեկն է ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթ 2019 նախաձեռնություններից, որոնց ընթացքում կանցկացվեն կայուն էներգետիկայի օրեր Հայաստանում՝ պատանեկան միջոցառումների, ինտելեկտուալ քվեսթների, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման, կենսագազի գործարանի մեկնարկի, կայուն ջերմատների բացման, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումների միջոցով:

Միջոցառմանը ներկա կլինեն և բացման խոսքեր ու ելույթներ կունենան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը (ենթակա է հաստատման), Հայաստանում ԵՄ պատվիրակության միգազգային աջակցության/համագործակցության համակարգող Անդրեա Բաջջիոլին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՇԵՆ ԲՀԿ-ի խորհրդի նախագահ Հայկ Մինասյանը:

Բացման խոսքերից ու ելույթներից հետո տեղի կունենա կենսագազի կայանի բացման ժամավենը կտրելու խորհրդանշական արարողությունը: Այնուհետ հյուրերն ու մասնակիցները կհրավիրվեն շրջայց կատարել կայանում, ջերմատանը և այցելել տեսնելու խորքային հորը, որոնք կառուցվել են ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Շրջայցին կհաջորդի հարց ու պատասխան ԶԼՄ-ների հետ: Միջոցառման օրակարգը կցված է:

ԶԼՄ-ների գրանցումը կսկսվի ժամը 10:50-ին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի տրանսպորտ դեպի Գեղամասար և վերադարձ դեպի Երևան:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Լիանա Հայրապետյանին, հեռ.՝ +374 91 200 397:

Հավելյալ տեղեկություն

Հայաստանն արագ մրցավազք է կատարում դեպի էներգետիկ կայունություն՝ Եվրոպական միության աջակցությամբ

Եվրոպական միության ամուր աջակցությամբ Հայաստանն առաջ է շարժվում իր երթուղով՝ դեպի կայուն էներգետիկայի հաստատում: Եվրոպական հանձնաժողովը և Միջազգային ֆինանսական կառույցները նպատակ ունեն ընդլայնելու էներգետիկ արդյունավետությանն ուղղված բարեփոխումները և ներդրումները՝ Կառավարության և ընտրյալ երկրների համապատասխան շահագրգիռ կողմերի հետ ակտիվ համագործակցության միջոցով՝ Հայաստանում ս.թ. մարտի 18-ին տեղի ունեցած էներգետիկ արդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնության շրջանակներում: 

Էներգետիկ արդյունավետությունը հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: Ազգային մակարդակում, էներգաարդյունավետությունն օգնում է էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը, ֆինանսական  միջոցների ազատմանը՝    այլ ոլորտներում ծախսեր իրականացնելու նպատակով,  էներգետիկ պահանջարկի աճի տեմպերի դանդաղեցմանը, նոր սերնդի կարողությունների  համար ներդրումային կարիքների վերացմանը,  կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, հանրության շրջանում ծառայությունների որակի վերաբերյալ գոհունակության  բարձրացմանը, օգնում կլիմայի մեղմման նպատակների բավարարմանն ու բարելավում  տնտեսական մրցունակությունը: Մի շենքի մասշտաբով էներգետիկ արդյունավետությունն ապահովում է մատչելի  կոմունալ ծախսեր,  բնակելի շենքի ավելի երկարատև շահագործում և շենքի ներսում հարմարավետության բարձրացում:

Մասնավորապես, կատարվել է բացերի վերլուծություն, որի նպատակն էր գնահատել Հայաստանի կառավարության կողմից էներգաարդյունավետության համար բարենպաստ շուկայական պայմանների ապահովման առաջընթացը, ինչպես նաև ի հայտ բերել Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարելավմանն առնչվող խոչընդոտները, և առաջարկել գործողություններ առկա թերությունները շտկելու ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով  բնակելի շենքերը:

Էներգաարդյունավետության շուրջ բարձր մակարդակի երկխոսությունն ամփոփել է վերջին տարիների ձեռքբերումներն ու քննարկել Հայաստանում էներգաարդյունավետությանը միտված նախաձեռնությունների աջակցության ուղիները, էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների հետագա ընդլայնման հեռանկարները՝ հանրային նշանակության և բազմաբնակարան բնակելի շենքերում:

Հայաստանում 23 քաղաք է միացել Քաղաքապետների դաշնագրին, իսկ նրանցից տասը հաստատել են Կայուն էներգետիկայի գործողությունների ծրագրեր:

Էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերով, այդ թվում Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում  ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև  գործընկերների աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններով  տրամադրվում են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումներ՝ ՀՀ ամբողջ տարացքում: ԵՄ կայուն էներգետիկայի շաբաթ 2019 նախաձեռնության ընթացքում կանցկացվեն կայուն էներգետիկայի օրեր Երևանում, Գավառում, Արթիկում, Ապարանում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում, Մասիսում, Տաշիրում, Սպիտակում և Վայքում, որոնց շրջանակներում տեղի կունենան պատանեկան  միջոցառումներ,  ինտելեկտուալ քվեսթեր, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացում Գլաձորում և Սպիտակում, կենսագազի գործարանի մեկնարկ, կայուն ջերմոցների բացում, ինչպես նաև բազում այլ հետաքրքիր միջոցառումներ, որոնք աղմուկ կստեղծեն կայուն էներգետիկայի շուրջ ս.թ. հունիսի 15-ից հուլիսի 4-ը՝ ՀՀ ողջ քարտեզով մեկ:

Languages:
Խմբագրական բաժիններ: