Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիա

Երևան, 20/05/2019 - 14:54, UNIQUE ID: 190520_18
Press releases

Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիա

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում են դասական երաժշտության համերգ՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Համերգը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգային ծրագրում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համերգից առաջ հանդես կգա ողջույնի խոսքով:

Նույն օրը՝ ժամը 18:30, Արամ Խաչատրյան համերգասրահում (2-րդ հարկ) տեղի կունենա դեսպան Սվիտալսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համերգի մասին։ Լրագրողների գրանցումը կսկսվի 18:15-ին:

Ճեպազրույցի ավարտին կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2019: Ազգային թռչուններ» թեմային։ Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխոնոլգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

 

Տեղեկատվություն համերգի մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հետ հանդես կգան մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո), Իվայլո Միխայլովը (տենոր), Սերգեյ Կովնիրը (բաս)։

Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի երաժշտական դպրոցներից համերգին ներկա կգտնվեն 200 երեխաներ:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` https://www.facebook.com/eudelegationtoarmenia

Տեղեկատվություն Եվրոպայի օրվա մասին

1950թ. մայիսի 9-ին կատարվեց առաջին քայլը Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմեց հռչակագրով, ուր կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը՝ որպես «եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք»: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմքը հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը:

1985 թվականին Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել Եվրոպական միությանը, հաստատում է խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին իր հավատարմությունը:

 

Տեղեկատվություն EUROPA նամականիշների մրցույթի մասին

Նամականիշը ընդգրկված է «EUROPA» նամականիշերի ամենամյա մրցույթում, որը բաց է հանրային քվեարկության համար ս.թ. մայիսի 9-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Հայաստանի նամականիշի օգտին հնարավոր է քվեարկել հետևյալ հղումով՝ https://www.posteurop.org/europa2019

 

Languages:
Խմբագրական բաժիններ: