Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում

Հայաստան, 16/05/2019 - 14:22, UNIQUE ID: 190516_15
Press releases

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Գյումրիում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա* հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ անցկացվում են Հայաստանի 5 քաղաքներում և մայրաքաղաք Երևանում:

Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումներն անցնում են «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը հյուրընկալել է Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը` մայիսի 17-ին, իսկ Դիլիջանը՝ մայիսի 18-ին: Գյումրիում Եվրոպայի օրվա տրամադրություն կտիրի մայիսի 19-ին: Մայիսի 21-ին Երևանում  տեղի կունենան դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, և ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը՝ մայիսի 26-ին:

Մայիսի 26-ին Եվրոպայի օրվա շրջանակում Երևանում նախատեսվում են նաև սկանդինավյան քայլք ԵՄ դեսպանի հետ, տեղեկատվական ցուցահանդես և մեծ բացօթյա համերգ հայաստանյան և եվրոպացի արտիստների մասնակցությամբ:

Մայիսի 19-ին Գյումրիի Եվրոպայի հրապարակում տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 16:00-ին: Ներկաներին կողջունեն և Եվրոպայի օրվա առթիվ կշնորհավորեն Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Շիրակի մարզի և Գյումրիի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները:

Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի, դրանց ձեռքբերումների և Եվրոպայի  մասին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ: Գյումրիի Եվրոպայի հրապարակում կարող եք ծանոթանալ ԵՄ աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերի արդյունքներին, դառնալ դրանց մասնակիցը կամ գտնել համագործակցության եզրեր տարբեր ծրագրերի հետ: Բացի այդ, անցկացվելու են բազմաթիվ մրցույթներ երեխաների ու մեծերի համար, իսկ միջոցառման ավարտին ելույթ կունենա Արամ MP3-ը:

Ժամը 17:00-ին լրագրողներին հրավիրում ենք ԵՄ պատվիրակության տաղավար, որտեղ տեղի կունենա ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի ճեպազրույցը:

Այս հղումով կարող եք ծանոթանալ Եվրոպայի օրվա շրջանակում սպասվող հայաստանյան միջոցառումների մանրամասներին՝

https://www.youtube.com/watch?v=bN4Z92c5hew&feature=youtu.be

Միջոցառումների մանրամասները հասանելի են նաև ֆեյբուքյան օրացույցով՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia

Հանրային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

ԶԼՄ հարցումների և գրանցման համար դիմել  Լիանա Խաչատրյանին՝ + 374 77 789 659 liana.khachatryan@publicis.am

###

*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:

 

Languages:
Խմբագրական բաժիններ: