Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Շրջայցի լուսաբանման հրավեր. հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման ներառական մոտեցումները խթանելու պիլոտային նախաձեռնություն

Աշոցք, 21/03/2019 - 06:33, UNIQUE ID: 190321_1
Invitations for the press

Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման ներառական մոտեցումները խթանելու պիլոտային նախաձեռնություն

Մարտի 23-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկում է պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման ներառական մոտեցումները խթանելուն: Միջոցառումը տեղի կունենա Աշոցքի դահուկային կենտրոնում (Շիրակի մարզ):

Միջոցառմանը կմասնակցի Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու Աշոցքի դահուկային կենտրոնում կատարված ԵՄ ներդրումներին (այդ թվում՝ կլինի այց Աշոցքի դահուկավազքի կենտրոնի տաղավար, կցուցադրվի նոր ձեռք բերված ձնամաքրման մեքենան (Ratrak)), կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ներառման վերաբերյալ ԵՄ առաջնահերթությունները և Leaving No One Behind ծրագիրը: Լրագրողները կկարողանան իրենց հարցերն ուղղել ԵՄ դեսպանին և միջոցառմանը ներկա երեխաներին: Այնուհետև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչները կանցկացնեն դահուկային սպորտի անվճար դասընթաց (լեռնադահուկային սարքավորումները կտրամադրվեն անվճար):

Լրագրողների տեղափոխումը կապահովվի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից: Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 22-ը՝ ժամը 11:00-ն:  Հանդիպման վայրը Երևանում՝ Հյուսիսային պողոտա 3/85 (Նորդ բիզնես կենտրոնին հարող հրապարակ, Հին Երևանցու և Տերյան փողոցների խաչմերուկ` Պարմայի հարևանությամբ), մարտի 23-ին՝ ժամը 08:20-ին, և Գյումրիում՝ քաղաքապետարան՝ ժամը 10:30-ին:

Մասնակցությունը հաստատելու և շահառուների հետ հարցազրույցներ կազմակերպելու համար խնդրում ենք դիմել Լիանա Խաչատրյանին՝ + 374 95 515671 liana.khachatryan@publicis.am

Ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Ռիփսիմե Ունանյանին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգողին՝ + 374 10 546494, e-mail: Ripsime.Unanyan@eeas.europa.eu

 

Օրակարգ

 

Երբ

Ինչ

Որտեղ

12:00 – 12:30

Ողջույնի խոսք և ծրագրի ներկայացում

  • Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ԵՄ դեսպան
  • Աշոցքի համայնքապետարանի ներկայացուցիչ
  • Վարդուհի Արամյան և Սամվել Ռոստոմյան, «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց ՀԿ
  • Գագիկ Սարգսյան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա

Աշոցքի դահուկավազքի կենտրոնի տաղավար

12:30 – 13:00

Խմբակային լուսանկար

Հարց ու պատասխան

Աշոցքի դահուկավազքի կենտրոնի տաղավար

13:00 – 15:00

Դահուկային սպորտի անվճար դասընթաց

Աշոցք դահուկավազքի կենտրոնի

15:00

Վերադարձ Գյումրի/Երևան

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Ձմռան ավարտը նշանավորելու համար Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ծրագրի գործընկերների ու շահառուների հետ այցելում է Աշոցք՝ Հայաստանի ամենաձնառատ մարզի համայնք: Այցի նպատակն է մեկնարկել ձմեռային և ամբողջ տարին ներառող ստորտաձևերում հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը խթանող պիլոտային ծրագիրը:

Ծրագիրը խթանում է Հայաստանում ապրող և հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ձմեռային սպորտաձևերի մասին իրազեկվածությունը Աշոցքի և Հայաստանի այլ դահուկավազքի կենտրոններում: Այս նախաձեռնության ընդհանուր նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը և սոցիալական ներգրավվածությունը:

Ծրագրի շրջանակներում փորձարկվելու է երեք գործողություն.

  • Աշոցքի և Ծաղկաձորի հանգստավայրերում Հայաստանի տարբեր մարզերից հաշմանդամություն ունեցող երեխաների համար դահուկային սպորտի դասընթացներ (ավելի քան 100 երեխաների մասնակցություն, ուղեկցող մասնագետներ և կամավորներ),
  • Բոչիա (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հայտնի գնդակով խաղ) մրցույթ  Հայաստանի 7 մարզի երեխաների մասնակցությամբ,
  • Սևանա լճում ամառային սպորտաձևերի 4-օրյա ճամբար հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար:

Ծրագրի շրջանակում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ձեռք է բերել ձնամաքրման սարքավորում՝ Ratrak, որը նախատեսված է ձյունը հարթեցնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների բացօթյա հանգստի համար դահուկավազքի մասնագիտացված վազքուղիներ պատրաստելու համար: Ratrak-ը եզակի մեքենա է, որը թույլ է տալիս պատրաստել դահուկավազքի հատուկ վազքուղիներ, որոնք կօգտագործեն հաշմանդամություն ունեցող երեխաները ձմեռային սպորտաձևերի համար:

Ծրագիրն իրականացնում են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ձմեռային սպորտաձևերը խթանող անդամ կազմակերպությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Տևողությունը՝  28/12/2018 – 30/08/2019 (9 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝   47,900.00 եվրո

ԵՄ ներդրումը՝ 44,900.00 եվրո

Վայրը՝    Հայաստան՝ թիրախավորելով Շրակի մարզը

Իրականացնող գործընկերը՝      «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց ՀԿ՝ Ներառական իրավական բարեփոխումների     կոալիցիայի անդամ կազմակերպություն, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա

Languages:
Խմբագրական բաժիններ: