Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

12.5 մլն. եվրո դրամաշնորհ Եվրոպական միությունից՝ հիմնելու ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Երևան, 19/03/2019 - 11:50, UNIQUE ID: 190319_9
Press releases

12.5 մլն. եվրո դրամաշնորհ Եվրոպական միությունից՝ հիմնելու ԵՄ-ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Այսօր Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկնարկեցին «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ը՝ Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման համար:  

Մեկնարկ տալով միջոցառմանը՝ Հետազոտությունների, գիտության և նորարարության գծով հանձնակատար՝ Եվրոպական հանձնաժողովի անդամ Կարլոս Մոեդասն ասաց. «Ապագայի տնտեսության համար շատ կարևոր է, որ այսօրվա երիտասարդությանը հասանելի լինի լավագույն գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական կրթությունը:

Մեր երիտասարդներն ունեն քաջալերման կարիք, որպեսզի լավագույնս օգտագործեն իրեն տաղանդն ու գաղափարները: Տեսականորեն մենք գիտենք այս ամենը: Եվ այն իրականություն է դարձնում ԵՄ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը»:

Թումոյում զարգացման գլխավոր պատասխանատու Բեկոր Փափազյանը ներկայացրեց նախագիծը ներկա գտնվող շահառուներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Շատ ոգևորված ենք, որ Հայաստանում ստեղծելու ենք համաշխարհային կարգի STEM էկոհամակարգ, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կարող է սովորել և նորարարությամբ զբաղվել»,- ասաց Բեկոր Փափազյանը: «Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության  և տեղական ու միջազգային մյուս գործընկերների աջակցությամբ մենք կլրացնենք բարձրագույն կրթության և համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող կարիքների միջև եղած բացը»:

Համալիրի համար Երևանում` Թումո կենտրոնին կից, կկառուցվի մոտ 15,000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես օրինակ` Թումո լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա,  կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Թումո լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով  ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը կոնվերգենցիայի կենտրոնի մաս կլինի:

Կենտրոնի մեկնարկին ներկա էին և բացման խոսքով ու ելույթով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Միջոցառումը ամփոփվեց ստորագրության և շինության հիմքի սիմվոլիկ սկզբնադրման արարողությամբ՝ պաշտոնատար անձանց, երիտասարդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ հյուրերի ներկայությամբ:

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ՝ 

 

Տեղեկություն ծրագրի մասին

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծ

Այս նոր նախագիծը կհիմնի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) համակարգի ուսանողների և երիտասարդ մասնագետների առաջադեմ կրթական կենտրոն՝ նրանց աշխատաշուկայում մրցունակ լինելու նախապատրաստելու համար, ինչպես նաև հարթակ կստեղծի գոյություն ունեցող նախաձեռնությունների (ի նկուբատորներ, աքսելերատորներ, համալսարաններ և արդյունաբերություն) համար` բոլոր շահառուների միջև համագործակցություն և կապեր ստեղծելու նպատակով:

Այս նախագծում կիրառվող ուսումնական մոտեցումը շեշտը հմտությունների վրա է՝ հիմնված գործնական կրթության վրա, որը կարող է լրացնել տեղական համալսարանական համակարգի ապահոված տեսական և ակադեմիական կրթությունը: Այն հիմնված է երկու գաղափարների համակցության վրա` Ա) Նախագծահեն ուսումնառություն և Բ). Just in time learning` նպատակային ուսուցում:

Նախագծահեն ուսումնառությունը ենթադրում է ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավումը առաջատար, իրական տեխնոլոգիական նախագծերում, որը կտա շոշափելի, մրցակցային արդյունք` որպես հմտությունների և փորձառությունների փոխանցման ամենաարդյունավետ միջոց, մասնավոր կազմակերպության հովանավորությամբ: Նպատակային ուսուցման հիմքում նախագծի համար հարմարեցված դասընթացների միջոցով ուսանողներին վերը նշված նախագծերում մասնակցելուն նախապատրաստելու գաղափարն է:  

Նախագծի նպատակն է Ա) Գիտակրթական ոլորտի և ՏՏ/ճարտարագիտական արդյունաբերության միջև կապը ամրապնդել, Բ) Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի փոփոխություններին նպաստել Գ) Ապահովել ընդհանուր հետազոտական հարմարություններ և նախագծահեն ուսումնառություն, որը հասանելի կլինի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) համակարգի բոլոր հայ ուսանողներին: Հետազոտությունների և արդյունաբերության միջև կապը ամրապնդելու համար՝ կենտրոնը ստարտափներին և փոքր տեխնոլոգիական կազմակերպություններին կապահովի ինկուբատորային հարմարություններով:  

Ծրագրի գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անկախ հիմնադրամ է, որը ներկայումս կրթում է 14,000 ուսանողների (12-18 տարեկան) անվճար, արտադպրոցական ծրագրի շրջանակներում՝ թվային տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:  

 

Հավելյալ տեղեկություն

ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի մեկնարկի կապակցությամբ ԵՄ Հանձնակատար Կ. Մոեդասի տեսահաղորդագրությունը, 19 մարտի 2019թ.  

https://www.youtube.com/watch?v=ZWQuPca7368&fbclid=IwAR0e3fU46JGjbpe0CMiTklE0yth0JrDyV3RyAdK51ZDDT3XZ6aLS7993qOY

 

Languages:
Խմբագրական բաժիններ: