Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Աժդահակ»-ն ու «Նոր աշխարհի կանոններ»-ը՝ երևանյան նոր բասկետբոլային մշակույթի առաջամարտիկներ

Երևան, 01/10/2018 - 15:32, UNIQUE ID: 181001_5
Press releases

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 30-ին կազմակերպեցին 3x3 բասկետբոլի մրցաշարը: Միջոցառման նպատակն էր խրախուսել ակտիվ և առողջ ապրելակերպը։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 30-ին կազմակերպեցին 3x3 բասկետբոլի մրցաշարը: Միջոցառման նպատակն էր խրախուսել ակտիվ և առողջ ապրելակերպը։

«Մենք համոզված ենք, որ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում անցկացվող այս միջոցառումը կխթանի առողջ ապրելակերպը։ Մենք դիտարժան խաղ վայելեցինք»,- նշեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ.  պրն Պյոտր Սվիտալսկին։

«Նախարարությունը սերտորեն համագործակցում է Եվրամիության պատվիրակության հետ, և այս համագործակցության շրջանակներում մենք արդեն իրականացրել ենք մի քանի մարզական միջոցառում։ Նման միջոցառումը լավ խթան է, որպեսզի զարգացնենք բասկետբոլը Հայաստանում»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը։

Միջոցառմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 40 թիմ, որոնցից 2-ը ներկայացնում էին հաշմանդամություն ունեցող մարզիկները:

Մրցաշարն անցկացվեց FIBA-ի սահմանած կանոններին համապատասխան։ 6 ժամ տևած խաղերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած «NWO» (New World Order -թրգ.՝ «Նոր աշխարհի կանոններ») թիմը հաղթող ճանաչվեց 21-17 հաշվով։

«Մեր թիմը մասնագիտությամբ բժիշկներից է կազմված։ Նաև արտասահմանցի ունենք մեր կազմում։ Հույս ունենք, որ ամեն տարի կկազմակերպվի նման միջոցառում, և մենք կկարողանանք հաճախ վայելել բասկետբոլային այս տոնը»,- պատմեց թիմի ավագ  Արամ Հեքիմյանը։

Հաշմանդամություն ունեցող թիմերի խաղում «Աժդահակ»-ը «ԱԻՆ»-ի նկատմամբ հաղթանակ տարավ:

«Շատ ուրախ ենք այս միջոցառմանը մասնակցելու համար։ Հատկապես ոգևորիչ է, որ մասնակցության համար որևէ սահմանափակում չկա»,- նշեց «Աժդահակ» թիմի ղեկավար Սևակ Մխիթարյանը։

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո ներկաներին սպասվում էր անակնկալ. ԵՄ դեսպանը սիմվոլիկ խաղ ունեցավ հաղթող թիմի հետ։

Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակներում իրականացվող միջոցառումներից այս մեկը հետաքրքրական էր նրանով, որ 3x3  բասկետբոլն աշխարհում ամենատարածված փողոցային սպորտաձևն է։

 

***

3x3-ը մեկ օղակի բասկետբոլ է: Խաղը համակարգողը FIBA-ն է։ Անցկացվում են նաև խաղի համաշխարհային մրցույթներ, որոնց նախորդում են տեղական մրցաշարերը։

Սպորտի եվրոպական շաբաթ նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումները խրախուսում են ակտիվ կենսաձևը: Այն լայնածավալ շարժում է, որը սկիզբ է առել 2015 թ.-ին և ոգեշնչել 32 երկրների միլիոնավոր մարդկանց լինել ակտիվ իրենց առօրյա կյանքում:

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանի (+374 91 202387) և միջոցառման համակարգող Մանե Մելիքյանի (+374 41 136313, info@arprholding.com) հետ:

Languages:
Խմբագրական բաժիններ: