Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն

20/03/2018 - 06:39
Public Health and Social Protection

Արժանապատիվ աշխատանքն, անշուշտ, երիտասարդների կյանքում չափազանց կարևոր գործոն է: Ցավոք, երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը ԱՊՀ-ի մի շարք երկրներում լրջագույն սոցիալական խնդիր է: ՍՕՍ Մանկական Գյուղերը, Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում, ձեռնամուխ է եղել երիտասարդության զբաղունակության և ձեռնարկատիրության ներուժի խթանմանը Արևելյան գործընկերության երեք երկրներում, որտեղ չկան երիտասարդներին՝ հատկապես խնամքի հաստատությունների սաներին, ուղղված պետական ծրագրեր:

Սա նոր ծրագիր է, որն ուղղված է սոցիալապես և տնտեսապես անապահով երիտասարդների՝ հատկապես երիտասարդ կանանց հզորացմանը, նրանց զբաղունակության և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը:

Ծրագրի թիրախը ՍՕՍ-ի ծրագրերում ընդգրկված, ինչպես նաև պետական խնամքի տակ գտնվող երիտասարդներն են, որոնց կտրամադրվի համապատասխան աջակցություն` ըստ նրանց կարիքների: ՍՕՍ Մանկական Գյուղերը, երիտասարդներին ուսուցանելու և իրական փորձառություն ձեռք բերելու հնարվորություն տալու նպատակով, Հայաստանում աշխատելու է Աֆլատուն Ինտերնեյշնլի, Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և մասնավոր բիզնեսի հետ:

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագրի առանցքային բաղադրիչը 300 երիտասարդների վերապատրաստումն է կյանքի, սոցիալական, մասնագիտական և զբաղունակության հմտությունների վերաբերյալ՝ ըստ Նեքսթ Էքոնոմի դասընթացի ծրագրի: Հայաստանցի երիտասարդները կծանոթանան մրցակցային աշխատաշուկային, պահանջվող մասնագիտություններին, կտեղեկանան թե որտեղ աշխատանք փնտրել, ինչպես պատշաճ պատրաստվել աշխատանքի դիմելու գործընթացին, ինչպես նաև ձեռք կբերեն աշխատանքային փորձ: Մասնավոր բիզնեսի և պետական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ծրագիրը 120 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կտա ինչպես նաև կապող օղակ կհանդիսանա երիտասարդների և պոտենցիալ ապագա գործատուների միջև: Արդյունքում այդ երիտասարդներից 70-ը, ծրագրի ավարտին,  աշխատանք կստանան:

Մյուս առանցքային բաղադրիչը ձեռնարկատիրությունն է, որը ներառում է ձեռնարկատիրության վերաբերյալ ուսուցողական ծրագիր և մեկնարկային կապիտալ այն երիտասարդների համար, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և ցանկանում են սկսել ձեռնարկատիրական գործունեություն: 50 հայաստանցի երիտասարդ կսովորեն նախաձեռնել, կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը: Ավելին, գործարար մտածելակերպ և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց բիզնես ծրագրերը ընտրող հանձնաժողովին և առավել կենսունակ բիզնես գաղափարները աջակցություն կստանան մեկնարկային կապիտալի տեսքով: Նախատեսվում է, որ Հայաստանում մոտ 15 նոր ընկերություն կստեղծվի այդ  երիտասարդների կողմից: Ծրագիրը նաև ակտիվորեն կաջակցի երիտասարդ ձեռներեցներին մենթորությամբ, կանոնավոր այցելություններով, անհատական  խորհրդատվությամբ՝ նրանց բիզնեսի նախաինկուբացիոն, ինկուբացիոն և հետինկուբացիոն փուլերում:

Ակնկալվում է, որ այս փորձնական ծրագիրը հաջող օրինակ և ոգեշնչման աղբյուր կհանդիսանա խնամքի հաստատություններում հասակ առնող երիտասարդների հետ աշխատող այլ կազմակերպությունների համար՝ խթանելու Հայաստանում այս խմբի երիտասարդ կանանց և տղամարդկանց զբաղունակության հնարավորությունները և բարգավաճ ապագան:

Ծրագրի տևողությունը՝  01/02/2018 – 31/01/2021 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  1,666,666.00 եվրո

ԵՄ ներդրումը՝   1,500,000. 00 եվրո   

Հայաստանյան ծրագրերին հատկացվող գումարը՝  386,375.00 եվրո

Իրականացման երկրները՝   Հայաստան, Բելառուս և Ուկրաինա   

Համակարգող՝   ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիա

Իրականացնող՝   ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիա, ՍՕՍ Մանկական Գյուղեր Բելառուս միջազգային հասարակական կազմակերպություն (Բելառուս), ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամ (Հայաստան), Բիզնսի Հաղորդակցման Կենտրոն “BELBIZ” (Բելառուս), Քաղաքացիական Իրավունքների Դաշինք (Ուկրաինա), Բիզնեսի Աջակցման Կենտրոն (Հայաստան), Շտիխինգ Աֆլատուն Ինթերնեյշնլ (Նիդեռլանդներ) և ՍՕՍ Մանկական Գյուղեր բարեգերծական հիմնադրամ բարեգործական միջազգային կազմակերպություն (Ուկրաինա)

Տեղական համակարգող՝  ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամ (Հայաստան)

Languages:
Խմբագրական բաժիններ: