Delegation of the European Union to Armenia

ԵՄ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի ելույթը ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ

Բրյուսել, 24/05/2017 - 08:48, UNIQUE ID: 170524_3
Remarks

Եվրոպական միությունը ցանկություն է հայտնում ընդլայնել և խորացնել իր համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ երկրի առաջին առևտրային գործընկերն ենք, առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների հաստատակամ աջակիցը: Մենք պատրաստ ենք շարունակելու աջակցություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների գործընթացին մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում՝ տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի. հարցեր, որոնք շատ հստակ են և նշանակություն ունեն Հայաստանի քաղաքացիների համար:

Նախ և առաջ թույլ տվեք նշել, որ հաճելի է կրկին ողջունել Արտաքին գործերի նախարար Նալբանդյանին՝ իմ ընկեր էդվարդին: Սակայն այսօր չափազանց տխուր օր է Եվրոպայի համար, և ես կցանկանայի սկսել խոսքս՝ հայտնելով իմ անձնական և փոխանցելով ԵՄ բոլոր հաստատությունների անունից ցավակցությունները Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական գործողության բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև հայտնել մեր ցավակցությունները Միացյալ Թագավորության բոլոր քաղաքացիներին, վարչապետ Թերեզա Մեյին և երկրի բոլոր պետական մարմիններին:

Զոհերի թվում են շատ երիտասարդներ: Ակնհայտ է, որ սա հարձակում է եվրոպացի երիտասարդության և կյանքի նկատմամբ նրանց ունեցած սիրո նկատմամբ: Ես հավատացած եմ, որ եվրոպացիները կշարունակեն արժևորել իրենց կենսակերպը, իրենց ազատությունը, իրենց խնդությունը, համատեղ ապրելը, իրենց կյանքը համատեղ վայելելըԵս վստահ եմ, որ վախի մթնոլորտը չի գերիշխի և լավագույն պատասխանն ահաբեկչական հարձակմանը կլինի այն, որ մեր եվրոպացի երիտասարդությունը շարունակի համատեղ ապրել, միասին վայելել կյանքը և այս կերպ արձագանքել այդ ամենին:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել նախարարին հանդիպման սկզբում իր ցավակցական խոսքը հայտնելու համար: Նման պահերին մեզ հարկավոր է, որ մեր ընկերներն ու գործընկերները լինեն մեր կողքին: Սրանք սգո պահեր են, բայց և միաժամանակ պահեր, երբ հարկավոր է գործել: Այդ իսկ պատճառով ես հենց նոր կապ հաստատեցի ՄԹ Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ առաջարկելով նրան Եվրոպական միության բոլոր հաստատությունների այն աջակցությունը, որը բրիտանական իշխանությունները կարող են օգտակար համարել, մասնավորապես՝ հակաահաբեկչությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունըՀասկանալի է, որ ահաբեկչությանը հակազդելուն և հարձակումների ու արմատականության կանխարգելմանն ուղղված՝ Եվրոպական միության կողմից տարվող արտաքին աշխատանքի ամբողջ ցանցը գտնվում է Միացյալ Թագավորության տրամադրության տակ, քանի որ պարզ է, որ սրանք մարտահրավերներ են, որոնք պահանջում են ընդհանուր արձագանք, և այս պահին մենք բոլորս միասնական ենք մեր համախմբվածության մեջ:

Ուստի, Էդվարդ, անչափ շնորհակալ եմ Ձեզ, այսօրվա մտքերի արդյունավետ և դրական փոխանակման համար: ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի աշխատանքը չափազանց դրական էր: Հայաստանը, որի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, շատ կարևոր գործընկեր է հանդիսանում Եվրոպական միության համար: Այսօր միասին քննարկեցինք մեր հարաբերություններում հաջորդ ձեռնարկելիք քայլերը, քանի որ աշխատում ենք ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որն արդեն  նախաստորագրվել էր այս տարվա մարտին Երևանում:  

Եվրոպական միությունը ցանկություն է հայտնում ընդլայնել և խորացնել իր համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ երկրի առաջին առևտրային գործընկերն ենք, առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների հաստատակամ աջակիցը: Մենք պատրաստ ենք շարունակելու աջակցություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների գործընթացին մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում՝ տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի. հարցեր, որոնք շատ հստակ են և նշանակություն ունեն Հայաստանի քաղաքացիների համար:

Մենք այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, այդ թվում՝ մեր հանձնառությունը  ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը, որն ընկած է նոր համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքում: Քննարկեցինք վերջին տարիներին և ամիսներին մեր անցած ուղին: 2015 թվականի դեկտեմբերին՝ երկուսով այստեղ Բրյուսելում մեկնարկ տվեցինք բանակցություններին, և այժմ ունենք լավ արդյունքներ, որոնք մեր թիմերի լարված և արդյունավետ աշխատանքի արդյունք են. կցանկանայի շնորհակալություն հայտնել թիմերին այն արդյունավետ աշխատանքի համար, որը մեզ հաջողվեց կատարել:

Ակնկալում ենք նաև Հայաստանի ակտիվ և կառուցողական դիրքորոշումն այս տարվա նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման գործում:

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Եվրոպական միությունը համարում է, որ ստատուս քվոն անկենսունակ է, և հակամարտությունը պետք է ստանա քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքին համապատասխան: Եվրոպական միությունը շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ [Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության] Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:

Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ. քննարկեցինք Սիրիական հակամարտության շուրջ տիրող իրավիճակը, ավելի ընդգրկուն տարածաշրջանային հարցեր: ԵՄ-ը կրկին հաստատեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն աջակցելու իր հանձնառությունը և քաջալերեց կողմերին մասնակցելու այս գործընթացին առանց նախապայմանների:

Էդվարդ, մեկ անգամ ևս կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ այս երկու տարիների ընթացքում մեր կատարած գերազանց աշխատանքի և Ձեր չափազանց կառուցողական մոտեցման, Բրյուսել այցելելու, Ձեր այցի, փետրվարին Ձեր նախագահի [Սերժ Սարգսյանի] վերջին այցելության և այս շարունակական քաղաքական հանձնառության համար, ինչը մեզ տալիս է, ես հավատացած եմ, լավ արդյունքներ և այնպիսի հետագա զարգացումների ակնկալիք, որոնք նույնքան կառուցողական և դրական են, որքան այսօր արձանագրվածը:

Կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ Մանչեսթերում երեկ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ Ձեր ցավակցությունների համար:

Շնորհակալություն:

Secțiuni editoriale: