Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ

Երևան, 01/12/2016 - 15:02, UNIQUE ID: 161201_11
Press releases

Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածում է ԵՄ հաղորդագրությունը հետևյալի մասին

Ի հետևումն իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարևոր առաջին քայլերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը  ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար: Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և դատական համակարգի  կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը  կատարելու  համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը:

ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին:  Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Սրանում ներառված է նաև աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի և  Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական  աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:

Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին,  ներառյալ  վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների  անխափան աշխատանքի երաշխավորում:  

Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով:  Պատրաստ ենք  շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում:    

Languages:
Խմբագրական բաժիններ: