Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր Եվրոպական միության անունից՝ ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունն ու հալածանքը չպետք է որևէ կերպ հանդուրժվեն աշխարհի որևէ կետում։ Հավասարությունը, ազատությունը, մարդկային արժանապատվությունը, խտրականության բացառումն ու արդարադատությունը համընդհանուր և հիմնարար արժեքներ են, որոնք Եվրոպական միությունը հաստատակամորեն պաշտպանում է։ Այս արժեքները կիրառվում են բոլորի նկատմամբ՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից։

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար արժանապատվությամբ ու իրավունքներով։ ԼԳԲՏԻ մարդիկ ունեն նույն իրավունքները, ինչպես բոլորը՝ ներառյալ խտրականությունից ազատ լինելու իրավունքը։ Սակայն բազմաթիվ վայրերում նրանք դեռևս բախվում են խտրականության, մեկուսացման, հալածանքի, բռնության և հետապնդման՝ միայն այն պատճառով, որ իրենք այնպիսին են, ինչպիսին կան, և սիրում են նրանց, ում սիրում են։

Եվրոպական միությունը խորապես մտահոգված է, որ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը շարունակում են օգտագործվել որպես արդարացում՝ մարդու իրավունքների խախտումների համար։ ԼԳԲՏԻ անձինք անհամաչափ կերպով դառնում են բռնության, խտրականության, հալածանքի և խարազանման թիրախ՝ այդ թվում նաև ապատեղեկատվության միջոցով ատելություն հրահրելու նպատակով։ ԵՄ-ն դատապարտում է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և հալածանքի բոլոր ձևերը, այդ թվում՝ ատելության խոսքն ու ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք վճռականորեն մերժում ենք բռնության հրահրման բոլոր կոչերը՝ թե՛ առցանց, թե՛ օֆֆլայն միջավայրում, և խիստ դատապարտում ենք այն օրենքները, որոնք քրեականացնում են փոխհամաձայնությամբ հաստատված նույնասեռ հարաբերությունները՝ դիտելով դրանք որպես միջազգային մարդու իրավունքների չափորոշիչների խախտում։ 

Չնայած վերջին տարիներին նկատվող մտահոգիչ հետընթացին՝ առաջընթացը շարունակվում է։ Նախորդ տարի ևս երկու երկիր վերացրեցին նույնասեռ հարաբերությունների քրեականացումը, իսկ մի շարք այլ երկրներում արձանագրվեցին դրական զարգացումներ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ներառական քաղաքականությունները վճռորոշ նշանակություն ունեն։ Մենք վճռական ենք խորացնելու մեր ջանքերը՝ անհավասարությունների և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բազմաշերտ և փոխկապակցված խտրականության դրսևորումներին, ներառյալ՝ խտրականության կանխմանը սեռի, ռասայի, էթնիկ կամ սոցիալական ծագման, դավանանքի կամ համոզմունքի, քաղաքական կամ այլ հայացքների, հաշմանդամության, տարիքային պատկանելիության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։

ԵՄ-ն շարունակելու է նպաստել հավասարության օրակարգի առաջխաղացմանը։ Եվրոպական հանձնաժողովը, հիմնվելով իր քաղաքական ուղենիշների վրա, նախատեսում է ներկայացնել ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ նորացված ռազմավարություն, որը կներառի այսպես կոչված  «կոնվերսիոն թերապիաներ» արգելման դրույթներ, ինչպես նաև ատելության շարժառիթով հալածանքների և բռնության, այդ թվում՝ առցանց դրսևորումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ հանձնառությունը՝ հարգելու, պաշտպանելու և երաշխավորելու ԼԳԲՏԻ անձանց կողմից մարդու բոլոր իրավունքների լիարժեք և հավասար իրացումը։ Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին ուժը կորցրած ճանաչել խտրական բնույթի օրենսդրական ակտերը, դիմագրավել ատելության դրդապատճառով կատարվող հանցագործություններն ու ատելության խոսքը, պայքարել բռնության դեմ և հասցեագրել համակարգային կողմնակալության դրսևորումները։

Յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել ազատ, հավասար և արժանապատվորեն։ Մարդու իրավունքները համընդհանուր են՝ անկախ այն բանից, թե ով ենք մենք, որտեղ ենք ապրում և ում ենք սիրում։