Վաթսուն տարի առաջ կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն ամրագրվեց Հռոմի պայմանագրով որպես Եվրոպական Միության հիմնարար արժեքներից մեկը: Այդ ժամանակ հավասար աշխատանքի դիմաց հավասար վճարման սկզբունքի եվրոպական հանձնառությունը եզակի էր աշխարհում: Այդ ժամանակից ի վեր, ԵՄ-ն պահպանել է առաջատարի դերը և բոլոր ուղղություններով տեսանելի առաջընթաց է արձանագրել: Մենք անխոնջ կերպով աշխատում ենք՝ պաշտպանելու կանանց իրավունքները և իրավազորելու նրանց խտրականության և գենդերային բռնության դեմ պայքարում։
2017թ․-ին, քան երբևէ անցյալում ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, ովքեր ունեն աշխատանք, բարձրագույն կրթություն, ակտիվ են քաղաքականության մեջ կամ զբաղեցնում են բարձր պաշտոններ եվրոպական ընկերություններում։ Հանձնաժողովում կանայք կազմում են ընդհանուր աշխատուժի 55%-ը։ Եվ այնուամենայնիվ, չափից մեծ թիվ են կազմում այն կանայք, հատկապես միայնակ մայրեր, որոնք Եվրոպական Միությունում դեռ պայքարում են՝ հասնելու տնտեսական անկախության։ Կանանց զբաղվածության ցուցանիշները Եվրոպական Միությունում 2016թ․-ին հասել էին աննախադեպ 65.5%-ի, և նույնիսկ այս պարագայում տղամարդկանց 77% ցուցանիշի համեմատությամբ տարբերությունը դեռ մեծ է։
Հարկ է շատ ավելին անել Եվրոպայից ներս և դուրս։ Հաճախ կանայք ամենախոցելիների շարքում են՝ լինելով հակամարտության գոտիներում, տեղահանումների և միգրացիոն իրավիճակներում, ինչպես նաև այն վայրերում, որոնք ենթարկվում են աղքատության և կլիմայական փոփոխությունների ամենամեծ ազդեցությանը։ Բացի այդ, ներկայիս միգրացիոն համատեքստում ԵՄ ժամանող կանանց շարքում թրաֆիքինգի զոհերի թվի էքսպոնենցիալ աճ է նկատվում։
Կանանց դեմ անհանդուրժողականությունը և կնատյացությունն ի հայտ են գալիս հանրային ոլորտում, ինչպես նաև քողարկված են՝ համացանցի ընձեռած վախկոտ անանունության հետևում։ Կանանց իրավունքների դեմ հարձակումները վերելք են ապրում։ Չափից շատ եվրոպացիներ դեռ կարծում են, որ առանց երկկողմ համաձայնության սեռական հարաբերությունը կարելի է արդարացնել։ Կանայք նաև խտրականության և բռնության առաջնագծում են, հատկապես՝ ամբողջ աշխարհի հակամարտությունների գոտիներում։
Այնուամենայնիվ, կանայք հաճախ նաև առաջիններն են, ովքեր որոնում են լուծումներ, մարտահրավերների ժամանակ ձգտում են դիմակայության, և կանայք են, որ ունեն իրենց երկրների ապագայի տեսլականը։ Այս իսկ պատճառով էլ ԵՄ-ն շարունակում է ներգրավել կանանց խմբերին ամբողջ աշխարհում, ներառյալ այն կանանց, որոնք ամենադժվար իրավիճակներում են, օրինակ՝ Աֆղանստանում կամ Սիրիայում։
Մենք կշարունակենք համապատասխան գործողություններ իրականացնել ԵՄ տարածքում և դրանից դուրս։ Մասնավորապես․
Մենք չպետք է և չենք դադարի պայքարել հանուն գենդերային հավասարության՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և իրավազորելու նրանց լիարժեք կերպով իրացնել իրենց ներուժը։ Եվրամիությունը հանձնառություն ունի, ինչպես 60 տարի առաջ, ապահովել կանանց հավասարությունն ամբողջ աշխարհում։
Ներքոստորագրյալներ՝
Առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմմերմանս
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ/ Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի
Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով հանձնակատար Գյունթեր Օթթինգեր
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան
Միջազգային համագործակցության և զարգացման հարցերով հանձնակատար Նեվեն Միմիցա
Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոս
Զբաղվածության, սոցիալական հարցերի, հմտությունների և աշխատանքային շարժունության հարցերով հանձնակատար Մարիաննա Թիսսեն
Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդես
Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովա