Քաղաքական և տնտեսական հարաբերություններ

ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի (1999թ․) վրա, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ համագործակցություն քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

ԵՄ-ն ձգտում է ավելի խորացնել և ամրապնդել Հայաստանի հետ իր համակողմանի  համագործակցությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 2004թ․-ին Հայաստանը (որպես հարավկովկասյան երկիր) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունում (ԵՀՔ), իսկ 2009թ․-ին՝ Արևելյան Գործընկերություն ծրագրում։

 

Հայաստանի հետ նոր համաձայնագիրը

Ս․թ․ հունվարի 2-ին Հայաստանը միացավ Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵՏՄ) (Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին)։ Չնայած Հայաստանի՝ 2013թ․-ի սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման Համաձայնագիրը, որի մաս էր կազմում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԱՀ/ԽՀԱԱԳ), Հայաստանը և ԵՄ-ը շարունակում են քաղաքական և առևտրային երկխոսությունն այն ոլորտներում, որտեղ այս երկխոսությունը համադրելի է Հայաստանի՝ ԵՏՄ-ի հանդեպ նոր պարտավորությունների հետ։ ԵՄ-ը և Հայաստանը հաջողությամբ ավարտել են հետագայում կնքվելիք,  Հայաստանի միջազգային նոր պարտավորությունների հետ համադրելի իրավական համաձայնագրի շրջանակների համատեղ գնահատման ուսումնասիրությունը:

2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց ս․թ․ դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

ԵՄ օժանդակությունը Հայաստանին

Դրամաշնորհների տեսքով Հայաստանի հետ ԵՄ ֆինանսական համագործակցությունը 2014 – 2017թթ․-ին կազմում է 140 – 170 միլիոն եվրո և առաջին հերթին ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային կառավարման և դատական ոլորտների բարեփոխումներին։ ԵՀՔ-ի՝ վերանայված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համահունչ՝ 2013թ․-ին  լրացուցիչ 25 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվել Հայաստանին, իսկ 2012թ․-ին՝  հավելյալ 15 միլիոն եվրո՝ Արևելյան Գործընկերության «Ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակներում։

Ավելի ակտիվ շարժունություն ԵՄ-ի հետ

ԵՄ-Հայաստան շարժունության շուրջ գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2011թ․-ին։ Կողմերը հանդես եկան հանձնառությամբ՝ բարելավել բնակչության շարժունությունը ԵՄ տարածքի և Հայաստանի միջև, միևնույն ժամանակ ձգտելով ապահովել միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում, այդ թվում՝ նպաստելով անկանոն միգրացիայի կանխարգելմանը և նվազեցմանը։ Այս համատեքստում ստորագրվեցին ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք ուժի մեջ մտան 2014թ․-ի հունվարին։

Հայաստանի համար հիմնական առևտրային գործընկեր

ԵՄ-ը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի 27%-ը։ ԵՄ-ը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանի արտահանման և ներկրման ամենամեծ շուկան՝ ապահովելով Հայաստանի արտահանման և ներկրման ընդհանուր ծավալների 28․8%-ը և 25․8%-ը համապատասխանաբար (2014թ․-ի տվյալների համաձայն)։

Հայաստանից ԵՄ-ը ներմուծում է հիմնականում արտադրական ապրանքներ, հումք, տարբեր արտադրական միջոցներ, ինչպես նաև խմիչք և ծխախոտ: ԵՄ-ից Հայաստան ներկրվում են հիմնականում մեքենաներ եւ տրասպորտային միջոցներ, արտադրական ապրանքներ, զանազան արտադրական միջոցներ և քիմիական նյութեր:

2014թ․-ին Հայաստանից ԵՄ արտոնյալ պայմաններով ներմուծումների ընդհանուր ծավալը ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ռեժիմի շրջանակներում կազմել է մոտավորապես 60 միլիոն եվրո։ Հայաստանի կողմից GSP-ի օգտագործման մակարդակը շարունակում է մնալ բարձր․ 2014թ․-ին այն կազմել է  73%: GSP ռեժիմի արտոնությունների ներքո Հայաստանից ԵՄ հիմնականում ներկրվում են ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված ապրանքներ (61%), տեքստիլ ապրանքներ և հագուստ (33%), ինչպես նաև սննդամթերք (2%)։

Լրացուցիչ տեղեկություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների մասին

Նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացումը

ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում ՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են 2015թ․-ին։ ՀՈՐԻԶՈՆ 2020-ը տրամադրում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտում։

Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) ուղղված եվրոպական COSME ծրագրին Հայաստանի մասնակցությունը հաստատող փաստաթուղթը կստորագրվի 2015թ․-ի վերջին։ Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը և ձեռնարկատիրական մշակույթը, բարելավում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և նպաստում է ՓՄՁ-ների մրցունակությանը։

Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին

2014թ․-ին Հայաստանը մասնակցեց 29 Տեմպուս ծրագրերի՝ արդիականացնելու բարձրագույն կրթությունը հիմնականում համալսարանների միջև համագործակցության ծրագրերի միջոցով։ 2014թ․-ին 246 ուսանող և աշխատակազմի անդամ ընտրվեց Էրազմուս Մունդուս ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող շարժունության գործընկերության ծրագրերի շրջանակներում, իսկ հինգ ուսանող ներգրավվեց համատեղ մագիստրոսական աստիճան շնորհող ծրագրերում։ Բացի այդ, Հայաստանի 23 դպրոց մասնակցել է eTwinning plus գործողությանը։ Երիտասարդները և երիտասարդական կազմակերպությունները օգտվում են Erasmus+-ից․ 1443 հոգի մասնակցել է շարժունության ծրագրերի, իսկ 123 հոգի՝ երիտասարդների և որոշում կայացնողների համար նախատեսված գործողությանը։

Լրացուցիչ տեղեկություններ ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ

ԵՄ ֆինանսական աջակցության համառոտ նկարագիրը